Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
 |armenpress.am|
15:49 - 23 ապրիլի, 2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա այն պարզ պատճառով, որ ՀՀ-ն՝ որպես պետություն, չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր համաժողովում այդ տեսակետը հայտնեց ՀՀ նախագահ Վահագն  Խաչատուրյանը։

«Մենք մարդուն, ՀՀ քաղաքացուն դիտարկում ենք որպես գլխավոր ռեսուրս, քանի որ չունենք նյութական ռեսուրսներ, հետևաբար մարդը պետք է լինի զարգացած, կրթված և միտված իր երկրին ծառայելուն և նրա համար նոր արժեք ստեղծելուն։ Այս տրամաբանության մեջ են իրականացվում կառավարության ներկայիս ծրագրերը»,-ասաց Խաչատուրյանը։

ՀՀ նախագահն իր խոսքը հիմնավորելու համար վկայակոչեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2020 թվականին պետության կողմից գիտության ոլորտի ծախսերի ծավալը կազմել է 13 միլիարդ դրամ, 2024 թվականին՝ նախատեսվում է ծավալը հասցնել 36 միլիարդի։ Եթե գիտության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են բյուջեի ընդհանուր ծախսերի 0,7 տոկոսը, ապա 2024 թվականի ցուցանիշը 1,12 տոկոս է։ 2023 թվականի համեմատ՝ ծախսերն ավելացել են 43 տոկոսով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 2,7 անգամ։ Կրթության ոլորտի ծախսերի ընդհանուր ծավալը 2020 թվականին կազմել է 144 միլիարդ դրամ, 2024 թվականին կկազմի 288 միլիարդ դրամ։ Բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կրթության ոլորտի ծախսերը 2020 թվականին կազմել են 7,6 տոկոս, ընթացիկ տարվա համար ցուցանիշը 9 տոկոս է։  

«ՀՀ գործող կառավարությունը, իշխանության ներկայացուցիչներն իրենց հիմնական նպատակը, գերխնդիրը համարում են գիտության և կրթության զարգացմանն առավելագույն կերպով նպաստելը։ Այն, ինչ տեղի է ունենում զուտ ակադեմիայի կարգավիճակի հետ կապված քննարկումներում, ապա դրանք պետք է շատ արագ ավարտվեն, քանի որ անորոշությունն իր հերթին բերում է լրացուցիչ խնդիրներ ու խոսակցություններ, այլ կարծիքներ, որոնք նպաստավոր չեն թե՛ պետության, թե՛ ակադեմիայի համար։ ԳԱԱ-ում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները հուշում են, որ իսկապես տվյալ հաստատությունը փոխվելու մեծ ձգտում ունի, որի հիմնական նպատակը ավելի կիրառական մասնակցություն ունենալն է այսօրվա տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխություններում»,- ասաց ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի դիտարկմամբ՝ պետության կողմից ֆինանսավորումը մեծանում է հատկապես գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու առումով։ Օրինակ՝ ռազմարդյունաբերական համալիրի համար գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական աշխատանքներին հատկացված գումարը կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ։

«Վերջին 3-4 տարվա ընթացքում նման բան չի եղել, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի մեծ դաշտ բացվի գիտելիքի համար։ Բայց, ցավոք, մեր բիզնեսի մասնակցությունն այդ աշխատանքներում շատ ցածր է։ Երբ ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը, տեսնում ենք, որ զարգացած երկրներում գիտահետազոտական աշխատանքների մեջ հիմնական ներդրում անողը հենց բիզնեսն է։ Պետության մասնակցությունը շատ ավելի քիչ է։ Բիզնեսի ակտիվ մասնակցությունը պայմանավորված է խրախուսական տարբեր, հիմնականում տնտեսական մեխանիզմներով։ Ժամանակն է, որպեսզի անդրադառնանք հենց այս հարցին։ Մենք վստահաբար կարող ենք նույնն անել, պարզապես պետք է բիզնեսին ներգրավելու համարձակություն ունենանք։ Ընդ որում, նրան պետք է շահագրգռել, որովհետև բիզնեսը, եթե շահ չունենա, ոչինչ չի անելու, ինչն, ըստ էության տրամաբանական է և ընդունելի»,- ասաց Խաչատուրյանը։

ՀՀ նախագահի խոսքով՝ եթե բիզնեսի ներկայությունը չլինի կրթության ոլորտում, ապա այդ բնագավառը չի ունենա զարգացման այն տեմպերը և չի արձանագրի այն արդյունքները, ինչ ցանկանում է պետությունը։

«Այն, ինչ կատարվում է գիտական հայտնագործությունների առումով, գոհացուցիչ չի կարող է լինել։ Մենք պետք է կարողանանք դուրս գալ միջազգային շուկաներ, կարողանանք իսկապես մեր գիտելիքն ու գիտական արտադրանքը ներկայանալի դարձնել միջազգային շուկայում։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղից պետք է սկսել այդ գործընթացը։ Կարծում եմ՝ հենց կրթական համակարգից, հետևաբար ավագ դպրոցների ու ինստիտուտների ամբողջ շղթան պետք է վերանայել ու գտնել շահագրգռող նոր մեխանիզմներ, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ ձգտեն զբաղվել գիտությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում ամբողջ համակարգը միտված կլինի նախևառաջ բնական գիտելիքներ տալուն և այդ ուղղությամբ բարձրորակ մասնագետներ պատրաստելուն։ Համոզված եմ, որ մեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները, պարզապես հիմա տուժում ենք ժամանակի մեջ և, ցավոք, հետ ենք մնում համաշխարհային գիտական փոփոխություններից»,- նշեց ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիական քաղաք կառուցելու նախաձեռնությանը՝ Խաչատուրյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ ճիշտ քայլերի ընտրությունը հնարավոր է հենց նման քննարկումների շնորհիվ։

«Ոչ ոք չի ուզում որևէ բան քանդել, առավել ևս իշխանությունը։ Մենք ավելի շատ ունենք ինչ-որ բան ստեղծելու ցանկություն, ինչն անելու ենք համատեղ ջանքերով։ Եթե իսկապես կան կառուցողական առաջարկներ՝ ակադեմիական քաղաք հիմնելու համար, ապա պետք է միասին անցնենք այդ ճանապարհը։ Ավելորդ աղմուկն ու չհիմնավորված կարծիքների հնչեցումն օգուտ չի տա այս գործընթացին։ Եթե յուրաքանչյուր բուհ կարծում է, որ կարող է գոյատևել ինքնուրույն, ապա պետք է դա ապացուցի իր արդյունավետ գործունեությամբ։ Այդ դեպքում միավորվել-չմիավորվելու հարցը կունենա այլ բնույթի քննարկում։ Բոլոր դեպքերում մենք պետք է կարողանանք դուրս գալ կոմֆորտային վիճակից՝ ավելի առաջ գնալու համար, հետևաբար չարժե ստեղծել ապոկալիպտիկ տրամադրություններ»,- պարզաբանեց ՀՀ նախագահը։

Անդրադառնալով ակադեմիկոս Սուվարյանի դիտարկմանը, թե գիտության ոլորտում պետպատվերի քանակը նվազել է՝ Խաչատուրյանը հակադարձեց այն դիտարկմամբ, որ գիտությունն իր հերթին պետք է ներքևից լինի ավելի նախաձեռնողական, որպեսզի ակնկալի պետության կողմից ցուցաբերվելիք ավելի մեծ ծավալի աջակցություն։ Ավելին՝ այսօր վարչապետի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն, օրինակ, մեր գիտնականները պետք է տան քաղաքական, պատմական, տնտեսական համարժեք հիմնավորումներ, որպեսզի այդ նախաձեռնությունն ավելի ընկալելի դառնա միջազգային ասպարեզում, որտեղ արդեն իսկ դարձել է ամենաքննարկվող ծրագրերից մեկը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել