Նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան
19:36 - 22 դեկտեմբերի, 2020

Նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում մեկ անգամ ևս անդրադարձել է մամուլում այսօր կրկին շրջանառվող Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրման մասին լուրերին։ Ըստ Գալստյանի, որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել։

«Դեկտեմբերի 14-ին ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին այսօր կրկին հոդվածների տիրաժավորումն այլ կերպ, քան մանիպուլյացիա որակել չեմ կարող։ Ստորև կցում եմ նաև նախորդ պարզաբանումս այս թեմայի վերաբերյալ։

«16.12.2020թ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։

Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։

Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:

Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»,-ասված է գրառման մեջ:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել