Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը
15:42 - 17 մայիսի, 2024

Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 17-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ-ի փոխանցմամբ՝ այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծերով առաջարկվում է վերանայել գործունեության հիմնական տեսակների համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը՝ միաժամանակ ընձեռելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն:

Ինչպես նշել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանքային համակարգ լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի: Մասնավորապես՝ տնտեսական գործունեության առանձին ոլորտներում համեմատվել են հարկման ընդհանուր համակարգի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռերը: Արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգի հարկային բեռն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է:

Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի գործունեության անցած տարիների փորձը և ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ հարկման այս համակարգերում թույլատրված են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք իրենց բնույթով նման են այս համակարգերում արգելք ունեցող գործունեության տեսակներին կամ իրենց առանձնահատկություններից ելնելով՝ ուղեկցվում են այլ գործունեության տեսակներով, որոնք չեն կարող հարկվել հարկման այս համակարգերով:

Օրինակ՝ Երևան քաղաքում առևտրական գործունեությունը չի կարող հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ ավտոտեխսպասարկման, վարսավիրական գործունեությունում, որտեղ շատ հաճախ տեղի է ունենում նաև ապրանքների, պահեստամասների վաճառք, կարող է հարկվել միկրոձեռնարկատիրության համակարգերում:

Հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են. օրինակ՝ առևտրական գործունեության ժամանակ 1.5 տոկոսի փոխարեն սահմանելով 1 տոկոս, արտադրության դեպքում 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 3 տոկոս, հանրային սննդի դեպքում՝ 4 տոկոսի փոխարեն 3.5 տոկոս, այլ գործունեության տեսակների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4.5 տոկոս: Բացի դրանից՝ նախատեսվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը:

Մասնավորապես՝ սահմանել, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում: Երկրորդ՝ սահմանել, որ հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում և պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել