lragir.am։ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ պարզաբանումների համար, այսօր հրավիրած ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Իսկ պարզաբանումը կապված է եղել վիզաների տրամադրման գործընթացի հետ, ինչին օրերս անդրադարձել էր Հետք կայքը: Ըստ հրապարակման՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը արհեստական խոչընդոտ էր ստեղծել լրագրողի վիզայի ստացման գործընթացում, իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարության նոտան դեսպանատան կողմից հաշվի չէր առնվել:
«Այս հարցը մենք դիտում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում: Եվ այդ գործընթացի որևէ դրույթի կատարման թերացումները մեզ համար անընդունելի են: Եվ մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Տվյալ հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումնների համար: Եվ իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Ըստ նրա՝ ԵՄ հետ հարաբերություններում հայկական կողմը մշտապես ընդգծում է մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և մշտապես հետամուտ են լինելու այս հարցին:
comment.count (0)