armtimes.com։ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին հասցրել է ավելի քան 8.000.000 դրամի վնաս: Այս մասին հուլիսի 4-ին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել էր Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը:
Նիգոյանի խոսոքվ՝ 2015 թվականին Երեւանի կենդանաբանական այգու վերաբացումից հետո իրեն պատկանող ընկերությունը դարձել է այգում սրճարան շահագործող առաջին ընկերությունը: «Հինգ ամիս բարեխիղճ գործունեությունից հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բարեկամական կապով փոխկապակցված մի պաշտոնյայի հետ տարաձայնության եւ վերջինիս կողմից ապօրինություններն այլեւս հանդուրժել չկարողանալով, ինչպես նաեւ պետեկամուտների կոմիտեի կողմից ապօրինաբար 1,500,000 դրամի վարչական տույժի ենթարկվելուց հետո իմ ընկերությունը լուծարեց այգու հետ կնքված պայմանագիրն ու ազատեց զբաղեցրած տարածքը»,-հայտնում է Նիգոյանը:
Նիգոյանի վստահեցմամբ՝ բարձրագույն քաղաքային իշխանության անբարեխղճության եւ հանցավոր անգործության արդյունքում այս տարի Երեւանի քաղաքային բյուջե մուտք չի եղել ավելի քան 4.000.000 ՀՀ դրամ: Վերջինս այս ամենը բացատրում է հետեւյալ կերպ. Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1-ից, այսինքն մայիսի 1-ից մինչեւ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ:
Մանուկ Նիգոյանը նշում է, որ ուրբաթ օրվանից զանգահարել է Երեւանի քաղաքապետարանի մի քանի բաժիններ՝ գնումների վարչություն, քարտուղարություն, անշարժ գույքի կառավարման վարչություն, քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարան եւ այլն: Երեք օր տեւած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզել է կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը:
«Մի կերպ գտա նրան: Պարզվեց, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերող որեւէ փաստաթուղթ առկա չէ, միակ տեղեկությունը, որ ստացա, դա այն է, որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը»,-հայտնում է Նիգոյանը:
Մանուկ Նիգոյանը համոզված է՝ եթե Տիգրան Վիրաբյանը, բացի պետական սուբսիդավորմամբ գործող թատրոնից, այսինքն պետբյուջեի միջոցով զրոյական տնտեսական ռիսկեր ունեցող կազմակերպության կառավարում իրականացնելուց երբեւէ զբաղված լիներ մասնավոր տնտեսական գործունեությամբ, իր վրա կրած լիներ բիզնեսի դժվարությունները, ձախողելու ռիսկերն ու շահույթը մեծացնելու համար ջանք թափած լիներ, կհասկանար, որ յուրաքնաչյուր տնտեսվարողի համար սրճարանային գործունեության հնարավոր 5 ամիսներից 2-ի կորսուստը պոտենցիալ շահույթի անդառնալի կորուստ է, եւ հարված՝ Երեւանի քաղաքային բյուջեին:
Տիգրան Վիրաբյանը նշեց, որ գաղափար չունի, թե որտեղից են արվել այն հաշվարկները, թե իբր Կենդանաբանական այգին 8 միլիոն դրամի վնաս է կրել: Նրա վստահեցմամբ՝ կենդանաբանական այգին իր ծառայությունների եւ տոմսերի միջոցով 10 միլիոնից ավելի եկամուտ է ունեցել 2018 թվականի միայն մայիս ամսվա համեմատականով:
Նիգոյանի պնդմամբ՝ այսօր քաղաքապետարանի տված այն խոստմանը, թե մրցույթը կհայտարարվի մեկ շաբաթից, ապա կստացվի, որ մեկ շաբաթ անց հայտարարված մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողներին կտրվի միջինում 15 աշխատանքային օր, դրանից հետո մրցութային հանձնաժողովը եւս 10 աշխատանքային օր կքննի հայտերը, ապա կհայտարարի հաղթող ընկերության անունը և ևս 10 աշխատանքային օրում կկնքի վարձակալական պայմանագիրը, հետևաբար կստացվի, որ տարածքները շահագործման կհանձնվեն ամենաշուտը 1 ամիս 12 օր անց, այսինքն օգոստոսի 16-ին:
«Որեւէ ընկերություն չի գնա նման մեծ ֆինանսական ռիսկի՝ հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը, ստացվում է, որ տարին կփակվի՝ այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար, տնտեսվարող, այնուամենայնիվ, համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ՝ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-հայտնում է նա:
Շարունակույթունը՝ armtimes.com
comment.count (0)