ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 1]  Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ»
17:45 - 31 մարտի, 2019

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԱԳԻՐ [օր 1] Քայլարշավը մեկնարկեց․ «ձեռառնոցու ֆլեշմոբ»

«Հեղափոխության օրագիր» շարքով կներկայացնենք 2018 թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ընթացքը, քաղաքացիների, հանրության տրանսֆորմացիան «հուսահատության վիճակից» «հեղափոխական ընթացքի»՝ մասնակից ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչների հայացքով։

ԲՈԼՈՐԸ

 

[Թագուհի Ղազարյան] Ստեփանակերտից Երևան եմ վերադառնում։ Սոթք-Քարվաճառ ճանապարհին բեռնատար է շրջվել։ Սպասում ենք, թե երբ է բացվելու ճանապարհը, որ անցնենք։ Անորոշ սպասում է։ Գուցե մի քանի րոպե սպասենք, գուցե՝ մի քանի ժամ։ Գուցե ստիպված լինենք վերադառնալ Ստեփանակերտ ու Գորիսով գնալ։ Սևակին խոստացել եմ էսօր երեկոյան գրել մի տարի առաջ էս նույն օրվա հիշողություններիս մասին։ Իսկ էս օրվա հիշողություններս ավելի շատ զգացողություններ են, քան իրադարձություններ։ Ճիշտ ձնաբքից խցանված ճանապարհի պես. անորոշ սպասում էր։

[Անի Վարդանյան] Քայլարշավը սկսելուց մի քանի օր առաջ արդեն իմացել էի, որ նման նախաձեռնություն է սկսվում։ Ճիշտն ասած, շատ թերահավատորեն էի մոտենում ու նաև ափսոսանքով, որովհետև, եթե էլի չստացվեր հաղթանակի հասնել, հիասթափությունն ավելի էր մեծանալու։ Լայվով հետևում էի, անընդհատ մտածմունքների մեջ էի, թե Երևան հասնելուց հետո ինչ զարգացում է ստանալու իրավիճակը։ Բայց միանալու նպատակ դեռևս չունեի։

[Արմեն Գալջյան] 2018 թվականի մարտի 31-ի առավոտն էր՝ ՔՊ գրասենյակից մեքենայով շարժվեցինք դեպի Գյումրի։ Չնայած Փաշինյանը արդեն սկսել էր քայլարշավը, բայց մենք շատ քաղցած էինք և որոշեցինք մինչև քայլարշավին միանալը Վարդանանց հրապարակում գտնվող մի սրճարանում պոնչիկ ուտել և քաղցր թեյ խմել, որից հետո, ֆբ ուղիղ եթերին հետևելով, միացանք քայլարշավին։ Ողջունեցինք իրար և սկսեցինք քայլել։ Հիշում եմ՝ շատ լավ եղանակ էր՝ իսկական քայլելու եղանակ։ Մի քանի ժամ անց մեզ միացան մեր մյուս ընկերները՝ արդեն մոտ 8-10 հոգի էինք և ավելի վստահ էինք մեզ զգում, մթնոլորտը ուրախ էր։

[Վահան Կոստանյան] Չքայլեցի։ Կամ էլ չքայլեցրին։ Որոշվել էր, որ Պապիկյանի հետ պիտի մնանք Երևանում, որովհետև էստեղ ահագին գործ կար անելու մինչև ամսի 13-ը։ Դրան գումարած` Ռուբինյանի հետ օնլայն մեդիա մոնիթորինգ էինք անում ու ինֆորմացիան փոխանցում ճամբարականներին։

Առավոտյան շուտ գրասենյակ գնացի, որ էնտեղից աշխատեմ, մինչև էտ հասցրել էի զանգել Արարատին բարի ճանապարհ ասել։ Օֆիսում, որտեղ նախորդ երեկոյան հավաքվել էին մեր ընկերներն, ու իրենց պատմում էինք, թե ինչ է սպասվելու հաջորդ առավոտից սկսած, դատարկություն էր, ու դատարկության մեջ անհանգստություն կար օդում կախված։ Պետք էր վայրկյանի ճշտությամբ ուղարկել նախoրոք գրված մամուլի հաղորդագրությունը, ֆեյսբուքում հրապարակել տեղեկատվական առաջին հոլովակը։
Մի պատուհանով բացել էի ֆեյսբուքը, մյուսով ջիմեյլի նոր հաշիվը, հավաքել էի ազատության հետ կապված գաղնաբառն ու սպասում էի։

Ընթացքում դուրս էի գալիս բակ ծխելու մեկ-երկու րոպեով՝ ամեն անգամ պարտաճանաչ կողպելով գրասենյակի դուռը։ Ու սկսեց լայվը։ Թիմով նախապես երկար աշխատել էինք տրվող ուղերձների վրա (համարյա իմպրովիզներ չեղան :D)։ Մի դրվագ եմ հիշում, որտեղ գյումրեցին հուշում էր Նիկոլին, որ Երևան էտ ուղղությամբ չեն գնում, ինչին հետևեց «Ես ուրիշ իմացած ճանապարհով եմ գնում» պատասխանը։ Էս խոսքերը երևի շատ բան կանխորոշեցին։

[Թագուհի Ղազարյան]  Ուշ եմ արթնացել։ Գործազրկությանս առաջին օրերն եմ վայելում։ Առաջին բանը, որ անում եմ, ֆեյսբուք մտնելն է։ Էն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքում, ես հետո պիտի անվանեի ձեռառնոցու ֆլեշմոբ։ Քաղաքական ուժերից մեկը, և այն էլ առանց խմբակցության մյուս գործընկերների, որոշել է քայլ անել։ Այդ քայլի նկատմամբ թերահավատությունը ֆեյսբուքում կերպարանափոխվել է ծաղրի։ Ընկերներիցս մի քանիսի հետ խոսում եմ, փորձում հասկանալ, թե էդ ամենի օգուտը ո՞րն է։ Լավ, չեք հավատում, գոնե մի էլ խանգարեք։

Միքոն իվենթ ա բացել էսօրվա համար, անունը` «Ի՞նչ անել»: Որոշել ա մեկտեղի բոլոր էն քաղաքական-քաղաքացիական ուժերին, որոնք պայքար են սկսել Սերժի հավերժացման դեմ ու նաև էն մարդկանց, որոնք ոչ մի ուժի մեջ ներգրավված չեն, ուզում են մի բան անել, բայց չգիտեն` ի՛նչ անել: 

[Միքայել Նահապետյան] 2018-ի այս օրը արդեն տեղյակ էի, թե ինչ են ծրագրել ՔՊ-ի ժողովուրդը։ Դրա նախորդ օրը՝ Նիկոլ Փաշինյանի հրավերով 20-30 հոգանոց հավաքում մի քանիսս կասկած էինք հայտնել միայն քայլելու ու ԱԺ-ն շրջափակելու տեխնոլոգիային, դրված օրակարգին ու պայմանավորվել, որ ապրիլի մեկին հյուր կգնանք վրանային ճամբար` կքննարկենք մանրամասները։

Զուգահեռաբար մարտի 31-ին «event» էի ստեղծել ու բոլոր մյուս չկողմնորոշվածներին ապրիլի 2-ին հրավիրել Մաշտոցի պուրակ քննարկման, ուր նաև գալու էին ՔՊ-ի, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները` ներկայացնելու իրենց տեսլականը։

[Թագուհի Ղազարյան] Ընկերուհիս՝ Նառան զանգել, ձեռ ա առնում Ֆեյսբուքիս փոստը, որ կիսվել եմ իվենթով ու գրել` «ես Թագուհի Ղազարյանն եմ։ Ինձ մտահոգում են էն բոլոր խնդիրներն ու հարցերը, որ մտահոգել են միջոցառումը ստեղծողին։ Ես ունեմ ցանկություն ինչ֊որ բան փոխելու, բայց ես ունեմ նաև շատ կասկածներ։ Ինձ համար շատ կարևոր ա լսել էն մարդկանց կարծիքները, որոնք ինձ պես ունեն ինչ-որ բան փոխելու ցանկություն, բայց ինձ նման ունեն նաև շատ կասկածներ»։ Ասում ա` ուզում էի մեկնաբանությունում գրել` նա Թագուհի Ղազարյանն է, եկեք ծափահարենք նրան:

Ես չեմ ծիծաղում հումորի վրա: Ինձ համար ահավոր տխուր ա էն, ինչ մտքովս անցնում ա: Փողոցով քայլում եմ ու չեմ կարողանում ազատվել սև, ծանր մտքերից: Նայում եմ մարդկանց ու մտածում` այ իրենք մի ամսից, երկու ամսից էլ էստեղ չեն լինելու: Նայում եմ ծառերին` մտածում` էս ծառերը շուտով կտրելու են: Նայում եմ շենքերին ու մտածում` էս շենքերը շուտով քանդելու են: Երբեք էսքան վատատես չեմ եղել, անգամ ՀՀԿ-ի հարցում: Միշտ մտածել եմ, որ կարող ա ինչ-ինչ պրոցեսների արդյունքում ինքնամաքրման փուլ անցնեն: Բայց հիմա ահավոր դեպրեսիվ եմ ու Նառայի հումորի վրա չեմ ծիծաղում:

[Արամ Թարվերդյան] Շաբաթ օր էր, արթնացա, արդեն հազարն էր, ստանդարտ փաթեթի համաձայն՝ սուրճ դնել, մորուք սանրել (էստեղ կարող էր լինել՝ սափրվել), էսկողմ-էնկողմ ու մտա ՖԲ, մեկ էլ թե բա՝ «.. մենք շարժվում ենք Գյումրիից..»: Դե քայլարշավի մասին լուրերը վաղուց էին պտտվում և, բնական է, նման գործընթացներում միշտ կան հարցեր, ինչ որ սկզբունքային անհամաձայնություններ։ Այս անգամն էլ բացառություն չէր և, ինչպես շատերի մոտ, ինձ մոտ էլ կար թերահավատություն:

Բայց ուրիշ բան է, երբ, լինելով «քաղակտիվության» էդ ընկերական միջավայրում, իմանում ես, որ պրոցես է նախապատրաստվում, համաձայնվում կամ չես համաձայնվում դրա հետ, ժամերով վիճում ու բանավիճում ես, և լրիվ ուրիշ բան, երբ քեզ որպես քաղաքացի «փաստի առաջ են դնում» արդեն սկսված պրոցեսով, ու էդ պահին հասկանում էս, որ ինչպես անցյալ անգամներում, այս անգամ էլ դու չես կարող ուղղակի անտարբեր մնալ, անկախ հաջողել կամ չհաջողելուց, անկախ հազար ու մի հարցերից, որ ունես, քանի որ ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ իր քայլն է արել, և դու արդեն բնազդային մակարդակում որոշումդ վաղուց կայացրել ես, մնում է՝ դրա հետ համակերպվես, որ խառը օրեր են սպասվում:

Հասկանում ես, որ քո մինիմալը՝ դուրս գալ փողոց ու կանգնել չորկոտոշի պես մինչև վերջ, հաստատ անելու ես, անկախ թերահավատությունից, եղած հարցերից և այլնից:
Երբ քո առաջ մեկը ճիշտ բան է անում, անկախ հարցերից՝ դու արդեն բնազդաբար հետն ես: Բնազդների օր էր...

[Վահան Կոստանյան] Օրվա ընթացքում ընկերներ էին միանում քայլող թիմին, ամեն նոր եկողի հետ հեռվից ուրախանում էի։ Իսկ մամուլում լռություն էր։ Շաբաթ օրով ո՞ւմ էր հետաքրքիր քայլելը։ Ֆեյսբուքում միացել էր սոցիալ կայֆավատը, ասում էին՝ ՔՊ-ում ճանապարհային քարտեզը բառացի են հասկացել ու որոշել են քայլել։

[Արմեն Գալջյան] Ջաջուռ գյուղի մոտից մեզ միացավ մի շուն, որն առաջին հայացքից սովորական փողոցային շուն էր, ով բոլոր հանդիպած մարդկանց հետևից մի փոքր քայլում է, բայց, երբ առաջին օրվա քայլարշավն ավարտեցինք և վրաններ էինք խփում, նա դեռ մեզ հետ էր։

[Վահան Կոստանյան] Երեկոյան Ջաջուռում առաջին վրանային ճամբարը խփեցին։ Քայլերի քանակը ուղարկեցին ինձ, որ ամփոփող հոլովակը պատրաստենք։ Սիրտս հանգստացավ։ Քայլերի քանակը բավականին իրատեսական էր։ Մի քանի օր առաջ խորհուրդ էի տվել Նիկոլին սմարթ ժամացույց վերցնել, որը կհաշվի քայլերը։ Ու ԱԺ-ում ամեն օր էտ կասկածն էր՝ հիմա էս ժամացույցը ճիշտ ա հաշվում, թե՞ չէ։

[Արմեն Գալջյան] Ավելի ուշ, երբ արդեն խարույկ էինք վառել, մեր ճամբար այցելեցին մոտակայքում ապրող բնակիչներ, չնայած՝ մենք սննդի պակաս չունեինք, բայց նրանք կարտոֆիլ և հաց էին բերել մեզ համար։ Դա իսկապես ոգևորիչ էր։
Թե ինչպիսի սառնամանիք էր Ջաջուռում, դժվար է բառերով ասել, ընդամենը ասեմ մի բան, որ հնարավոր լինի պատկերացնել․ երբ ուշ գիշերին ցրտից արթնացա, վրանների և խոտերի վրա սառույց էր կապել։ Չէի կարողանում հավատալ, որ ապրլի 1-ին հնարավոր է այդպիսի եղանակ լինի։ Ուժեղ քամի էր, ես վազում և թռչկոտում էի՝ որպեսզի տաքանամ, բայց չէր օգնում, շունն էլ դեռ այստեղ էր և հաչում էր։ Իսկապես «շունը հաչի՝ քամին փչի» իրավիճակ էր։

[Վահան Կոստանյան] Ջաջուռը ոչ մեկ էնտեղ քնողներից չի մոռանա։ Պարզվեց տարածաշրջանի ամենացուրտ կետն էր։ Ու հաջորդ օրերին, երբ բարդություններ էին լինում, քայլողներն իրար ասում էին՝ մենք, որ Ջաջուռին դիմացանք, սա ինչ ա որ։

ՀԱՋՈՐԴ ՕՐԸ>
«Բա որ քցի` գնա աղոթելու»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել