Բասկետբոլի ֆեդերացիան, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն պայմանագիր են ստորագրել
09:37 - 08 հուլիսի, 2021

Բասկետբոլի ֆեդերացիան, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն պայմանագիր են ստորագրել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համագործակցության պայմանագիր են ստորագրել։

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ պայմանագիրը լայն հնարավորություններ է ընձեռելու բասկետբոլիստների համար, քանի որ փոխգործակցության շրջանակում նրանք կկարողանան մարզվել ավելի լավ պայմաններում։

«Այս պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է բասկետբոլային մրցաշարերի կազմակերպման տեսանկյունից, քանի որ Հայաստանում այսօր շատ քիչ մարզադահլիճներ կան, որտեղ հնարավոր է անցկացնել բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպումներ։ Հուսով եմ՝ նման համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծեց նա։

Բասկետբոլի Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը մատնանշեց, որ մարզահամալիրի բասկետբոլային դահլիճը ներկա պահին կահավորվում է ժամանակակից մարզագույքով։ Թիմերը կկարողանան մարզումներ անցկացնել, այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններ, այլ նաև տարբեր պատանեկան մրցաշարեր:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մասն է` ուղղված մարզահամերգային համալիրի զարգացմանը, և նման պայմանագրի կնքումը լավ սկիզբ է հանդիսանում այդ ծրագրի իրականացման և մեծ սպորտը մարզահամալիր վերադարձնելու համար: 

«Ամբողջ անձնակազմը կնպաստի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի բոլոր ծրագրերի իրականացմանը և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պայմանագրեր կնքվեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ֆուտզալի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ըմշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի և այլ ֆեդերացիաների հետ, որպեսզի սպորտը մեծ ծավալով վերադառնա մարզահամալիր»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել