armenpress.am: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի գրանցած հաղթանակը տրամաբանական է համարում:
Նման կարծիք հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
«Եվրոպայի առաջնությունից առաջ Երևանում կայացած միջազգային մրցաշարը ցուց տվեց, որ Հայաստանի հավաքականը կարող է կավ արդյունքներ գրանցել: Մալթայի գրանցված արդյունքը տրամաբանական էր և սպասելի: Ռեքս Կալամյանը խնդիր էր դրել թիմի առաջ` հաղթել բոլոր հանդիպումներում»,-ասաց նա:
Նազարյանը շեշտեց, որ, ճիշտ գնահատելով հավաքականի ներուժը և պետության հնարավորությունները, ֆեդերացիան կմտածի հետագայում այլ մակարդակի մրցաշարերի մասնակցելու մասին:
«Ռեքս Կալամյանի ցանկությունը միայն հավաքականի հետ հաջողության հասնելը չէր, այլ բասկետբոլի զարգացումը: Իսկ ինչ վերաբերվում է Քրիս Զոնսին, ապա նա կխաղա հավաքականում ապագայում: Եվ նա պայմանագիր է կնքել Վալենսիայի թիմի հետ»,-առանձնացրեց նա:
Ֆեդերացիան նաև Ռեքս Կալամյանի օգնությամբ մտադիր է մարզիչների վերապատրաստման հատուկ ծրագիր իրականացնել: Հայաստանում բասկետբոլով կանոնավոր զբաղվում են մոտ 3000 պատանիներ:
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Ալբերտ Թադևոսյանն էլ հաղթանակը կապում է մարզիչների և թիմի ճիշտ աշխատանքի հետ:
«Մենք մեծ նախապատրաստական շրջան չունեցանք: Նախապատրաստական փուլն ընդամենը մի քանի շաբաթ տևեց: Մարզիչները շատ լավ կատարեցին իրենց աշխատանքը, և մարզումներն էլ իրենց արդյունքը տվեցին: Ի սկզբանե գնացել էի հաղթանակ համար, քանի որ 6 տարի առաջ բաց թողեցի մրցաշարը վնասվածքի պատճառով»,-ասաց բասկետբոլիստը:
Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։ Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում: Ընտրանին նման հաջողության հասել էր նաև 2016 թվականին:
comment.count (0)