SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|
19:46 - 26 հունիսի, 2022

SADA Cup. Հայաստանի հավաքականը պարտվեց 2 միավորի տարբերությամբ |sport.news.am|

sport.news.am: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երրորդ հանդիպումն անցկացրեց:

Հունիսի 26-ին NBA մարզիչ Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի հավաքականը մրցեց Սիրիայի հավաքականի հետ եւ գերլարված պայքարում պարտվեց 57:59 հաշվով: 

Հայաստան - Սիրիա հանդիպմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանը, որի խորհրդանշական նետումով մեկնարկեց հանդիպումը: 

Առաջին քառորդի մեկնարկային վայրկյաններին խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Ալբերտ Թադեւոսյանը: Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ազգային հավաքականի թիմը քառորդն անցկացրեց մեծ առավելությամբ, հաշվի մեջ հետ թողնելով մրցակցին, բայց քառորդի վերջին րոպեներին սիրիացիները երեք միավորանոց նետումներով առաջ անցան հաշվի մեջ: Մրցակիցները գնացին հանգստի 23:20 հաշվով՝ Սիրիայի հավաքականի առավելությամբ:

Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականն ավելի շատ էր տիրում գնդակին եւ գրոհներ իրականացնում: Սիրիայի հավաքականը կոպիտ էր խաղում, ինչի արդյունքում տարբեր խախտումների պատճառով մրցավարի նշանակած տուգանայինների եւ մի քանի երեք միավորանոց նետումների շնորհիվ Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակիցները գնացին մեծ ընդմիջման 33:27 հաշվով՝ Հայաստանի հավաքականի առավելությամբ:

Երրորդ քառորդը գերլարված ստացվեց: Երկու թիմերը ավելացրեցին ճնշումը: Լարված պայքարում երրորդ քառորդում Հայաստանի հավաքականը մեկ միավորով հետ մնաց՝ 45:46 հաշվով պարտվելով Սիրիայի թիմին:   

Չորրորդ քառորդում Հայաստանի հավաքականին չհաջողվեց առավելություն ստանալ Սիրիայի նկատմամբ եւ երկու միավորի տարբերությամբ Հայաստանը պարտություն կրեց 57:59 հաշվով:

Հայաստան - Սիրիա հանդիպամը չէր մասնակցում Անդրե Սփայթ Մկրչտյանը: Նախորդ՝ Հայաստան - Իրան հանդիպման լավագույն խաղացողը թիմի ելույթին հետեւում եւ երկրպագում էր պահեստայինների նստարանից:  

Սա Հայաստանի վերջին խաղն էր SADA Cup-ում: Հաղթող դարձավ Իրանի հավաքականը։ Հայաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը։

Հունիսի 23-ից Երեւանում անցկացված բասկետբոլի միջազգային մրցաշարում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմն անցկացրեց երեք հանդիպում: Մեկնարկային խաղում 94:59 հաշվով հաղթեց «Թիմ ԱՄՆ»-ին, երկրորդ խաղում՝ 77:73 հաշվով հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ: SADA Cup-ին մասնակցում էր 4 թիմ՝ Հայաստան, Սիրիա, Իրան եւ «Թիմ ԱՄՆ»:

Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հունիսի 27-ին կմեկնի Մալթա, որտեղ հունիսի 28-ից հուլիսի 3-ը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել