Միասնական մոտեցում` մայրաքաղաքի կառուցապատմանը.Քաղաքաշինության կոմիտե
12:50 - 15 մարտի, 2019

Միասնական մոտեցում` մայրաքաղաքի կառուցապատմանը.Քաղաքաշինության կոմիտե

Աշխարհի բոլոր քաղաքներում առաջնահերթ խնդիր է տրանսպորտի երթևեկության կազմակերպման, ինչպես նաև ավտոմեքենաների կայանման հարցը: Խնդիրը չի շրջանցել նաև մեր մայրաքաղաքը` այն սուր է հատկապես Երևանի կենտրոնում. բակերում, անթույլատրելի վայրերում, մայթեզրերին՝ փողոցների երկարությամբ կայանած ավտոմեքենաները ոչ միայն նվազեցնում են փողոցի թողունակությունը, այլև անցանկալի հետք թողնում քաղաքի դիմագծի վրա:

Մայրաքաղաքին առնչվող այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել Քաղաքաշինության կոմիտեում: Կոմիտեի լրատվական ծառայության հաղորդմամբ` Քաղաքաշինության կոմիտե են այցելել փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:  

Քննարկվել են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով սահմանված գոտևորմամբ նախատեսված՝ բազմաբնակարան շենքերի հարկայնության սահմանափակման վերանայման հնարավորության, ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղերի կառուցման, ինչպես նաև Մոնթե Մելքոնյան պողոտայից Ծովակալ Իսակովի պողոտա տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում միասնական կառուցապատման ծրագրեր իրականացնելու հնարավորության հարցերը:  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ երկու կառույցների ներկայացուցիչների հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, ինչը թույլ կտա փոխըմբռնման մթնոլորտում միասնական լուծումներ առաջարկել մայրաքաղաքի տարբեր հատվածների կառուցապատման, հրատապ այլ խնդիրների վերաբերյալ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել