Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը ինձ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարական տալ․ Վալերի Օսիպյան
11:21 - 25 մարտի, 2019

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը ինձ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարական տալ․ Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Բորիս Մուրազիի հայտարարությանը, թե իրեն սպառնում են։

«Այդ մասով Ոստիկանությունը հաղորդում է տարածել, և ես՝ ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը։ Եթե չեմ սխալվում, ինչպես հասկացել եմ, ֆեյսբուքում ինքը տարածել է, որ ոստիկանապետը կամ որևէ մեկը իրեն չի սպառնում։ Այստեղ գտնվողներից շատերդ էլ ինձ զանգահարում եք, ես՝ ինքս եմ զանգահարում ձեզ տարբեր ժամերի, տարբեր հարցերով։ Եվ այստեղ որևէ սպառնալիք չեմ տեսնում։
Խնդիրն այն է, որ կան ֆեյսբուքյան օգտատերեր, որ Բորիս Մուրազի հոդվածի տակ մեկնաբանություններ էին գրում, բայց ամեն դեպքում, անկեղծ ասած՝ այդ մեկնաբանությունների մեջ էլ չկային սպառնալիքներ։ Այսինքն՝ կյանքի, առողջության, անձի դեմ սպառնալիքներ չկային։ Բայց նույնիսկ այդ դեպքում, ես հանձնարարել եմ, որ ճշտումներ անեն։
Հարգելի՛ գործընկերներ, ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք շատ առանցքային դերակատարություն եք ունենում մեր Հայաստանի Հանրապետությունում որպես լրագրողներ, պրոֆեսիոնալներ։ Ես շատ բարձր եմ գնահատում ձեզ որպես լրագրող։ Դուք մեզ՝ ոստիկաններիս շատ եք օգնում, բայց ձեզ խնդրում եմ, որ չճշտված տեղեկություններ չտարածեք, որովհետև դրանք խանգարում են մեր համակարգին։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկը ինձ չի զանգել։ Եթե հակառակը ապացուցվի, պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- ասել է Վալերի Օսիպյանը։

Հիշեցնենք, որ Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր․ «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս։ Մանրամասները՝ քիչ անց»։

Գրառմանն արձագանքել էր ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա գրել էր. «Բորիս Մուրազի, ոստիկանության պետը ձեզ և առհասարակ որևէ մեկին չի սպառնում, հակառակը՝ ոստիկանության պետն ու նրա ղեկավարած կառույցը կոչված են պաշտպանելու ձեզ և բոլորին ամեն տեսակ սպառնալիքից։ Ես ձեզ առաջարկեցի ոստիկանությունում հաղորդում տալ և դրանով հնարավորություն ընձեռել բացահայտել ձեր հետ կատարվածը։ Փոխարենը նախընտրեցիք հրապարակավ մերկապարանոց հայտարարությամբ հանդես գալ։ Եթե դուք իրականում ուզում եք պարզել կատարվածը, ապա մի և օրինական ձև կա՝ դիմել իրավապահ կառույցին, հակառակ դեպքում ստիպված ենք կարծել, որ ձեր ասածները միայն ու միայն աղմուկ բարձրացնելու ու դրանից ինչ-ինչ շահ քաղելու նպատակ է հետապնդում»։






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել