Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին
13:20 - 15 սեպտեմբերի, 2022

Երեկվա հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով․ Վարդանյանը՝ Մանուկյանին

Երեկվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին մի հայտնի ճշմարտություն․ ինչքան փխրուն է և միաժամանակ ինչքան ամուր է ժողովրդավարությունը, ինչքան մարտահրավերներ կան ժողովորդավարության առջև և ինչքան հնարավորություններ կան՝ այդ մարտահրավերները հաղթահարելու։ Ազգային ժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով երեկ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիային, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այսօր առավոտը լուսացավ, և մենք հանգիստ նորմալ եկանք աշխատանքի՝ առանց խղճի խայթի և առանց որևիցե եղանակով մեզ մեղադրելով։ Ցավոք, մարտի 1-ին այդպես չէր։ Կարո՞ղ էր կրկնվել Մարտի 1-ը։ Այո, եթե չլիներ ժողովրդավարություն, եթե չլիներ թափանցիկություն, եթե չլիներ անկեղծություն։ ՀՀ իշխանությունները փորձում են խոսել ՀՀ քաղաքացու հետ առավել անկեղծ, առավել պարզ»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին`Վարդանյանն ասաց․ «Ցավում եմ, որ Գեղամ Մանուկյանը այստեղ չէ, որովհետև հարցադրումներ ունեմ ձեզ։ Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, որ դուք ասում եք՝ հավաքը ինքնաբուխ էր, մի քանի անգամ կրկնեցիք։ Շատ լավ հասկանում եք, որ այդ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ մենք չէ, իրավապահ մարմինները պետք է զբաղվեն ձեզանով։ Դուք այստեղ էիք, որպեսզի ասեք՝ ժողովուրդ ջան, դա մենք չէինք։

Ասում են՝ գնացեք, պատգամավորին այս ինչ հասցեից բերման ենթարկեք։ Ըստ էության, քրեորեն պատժելի արարք է։ Ասում են՝ բերեք, պարտադրեք, որ ստորագրի, և դրանից հետո դուրս է գալիս Արման Թաթոյանը, որը ինձ վերջին երկու տարին համոզում է, որ ինքը քաղաքականացված չէ ու մասնագիտական գործունեություն է իրականացնում, և ասում է՝ իրավունքի գերակայությունը ինձ համար Աստված է, և ասում են՝ գնացեք Վլադիմիր Վարդանյանի ձեռքերից քաշեք, թող ստորագրի, դու ասում ես՝ այո, հայրենիքը օրհասական վիճակում է»։

Վարդանյանն ընդգծեց՝ երեկ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ճնշող մեծամասնությունը անկեղծ էին․ «Այլ բան է, որ որոշ անձիք, որոնցից ոմանք հայրենասիրությամբ տոգորված ինչ-որ ձևակերպումներով նույնիսկ հայերեն չեն խոսում, գոնե հայերեն երկու բառ ասեին, փորձում են այդ ամենը համակարգել։ Բայց ես սիրում եմ այն մարդկանց, ովքեր երեկ գտնվել են այնտեղ, որովհետև նրանք կարողացան մեր ընդդիմադիր գործընկերներին վերադարձնել այնտեղ, որտեղ պետք է լինեն»։

Պատգամավորը շեշտեց՝ ժողովրդավարությունը պահանջում է հանդուրժողականություն․ «Մեծամասնության կարծիքը մշտապես լինելու է հիմնական, փոքրամասնության կարծիքը պետք է հարգվի, այստեղ արտահայտվի։ Եթե փոքրամասնության կարծիքը այստեղ չարտահայատվի, այն վերածվելու է բողոքի դրսում»։

Ելույթի վերջում Վարդանյանը բոլորին միասնականության կոչ արեց։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պահանջում էին, որ պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն։ Գործընթացի համար կային ընդդիմադիր 35 պատգամավորների ստորագրությունները, սակայն պակասում էր 18 ստորագրություն։ Ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՔՊ 18 պատգամավոր գա և ստորագրի փաստաթղթի տակ, որով անվստահություն հայտնելու գործընթացը կսկսվի։
Ակցիայի հրապարակեցին ՔՊ պատգամավորների հասցեները՝ քաղաքացիներին կոչ անելով գնալ այնտեղ, սակայն, քիչ հետո վերադառնալով հայտարարեցին, որ պատգամավորները իրենց տներում չեն եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել