Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
22:44 - 26 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նմանատիպ հաղորդագրություն ՀՀ ՊՆ-ն տարածել էր նաև առավոտյան՝ նշելով, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ էր այսօր հերքել տեղեկությունը, թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։ 

Արցախյան գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:

Հավելենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունների նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել