hetq.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրում նախապատրաստում են սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Նախապատրաստվում է Մոլդովայի վրա հարձակում»,- երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։
Նրա խոսքով՝ այդ պլանները ներառում է ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավում։ Սանդուն հավելել է, որ պլանով նախատեսված է, որ դիվերսանտները պետք է հարձակվեն պետական հաստատությունների վրա ու պատանդներ վերցնեն։
Մոլդովայի նախագահը Քիշնևում իշխանափոխության իրականացման ցանկության մեջ մեղադրել է «այսպես կոչված ընդդիմությանը»։ Նա խորհրդարանին կոչ է արել որքան հնարավոր է արագ ընդունել նախագծեր, որոնք Դատախազությանն ու Անվտանգության ծառայությանը հնարավորություն կտան պայքարել սպառնալիքների դեմ։
Սանդուն հավելել է, որ դիվերսիաների նպատակը կայանում է նրանում, որ «տապալեն սահմանադրական կարգը, որպեսզի երկիրը փոխանցեն Ռուսաստանի տրամադրության տակ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել վարչապետ Նատալյա Գավրիլիցան ու նրա գլխավորած կառավարությունը։ Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է անվտանգության խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը, իսկ Նատալյա Գավրիլիցայի կառավարությունում ռուսական Գազպրոմի հետ բանակցությունների համար պատասխանատու Անդրեյ Սպինուն նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։
comment.count (0)