Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքում գտնվող որմնանկարների հետագա պահպանության հարցը
16:33 - 15 մարտի, 2023

Քննարկվել է Էրեբունի արգելոցի տարածքում գտնվող որմնանկարների հետագա պահպանության հարցը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հետ կապված խնդիրների, գիտանախագծային փաստաթղթերի քննարկման, խորհրդակցման և որոշումների կայացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի 2023 թ. անդրանիկ նիստը կայացել է արտագնա ձևաչափով` Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցների ու աշխատանքային խմբի անդամների այցի նպատակը թանգարանի տնօրենության հետ Էրեբունի պատմահնագիտական արգելոցի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանում վերստեղծված որմնանկարների տեխնիկական գնահատումը և դրանց հետագա պահպանության (մաքրման, ամրակայման) համար հնարավոր լուծումներ գտնելն էր:

Համատեղ քննարկման արդյունքում որոշվել է որմնանկարների լավ պահպանված հատվածներն ամրակայել և կոնսերվացնել՝ հնարավորինս զերծ մնալով նոր միջամտություններից:

Նիստի օրակարգային հարցերից էր նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի տեղափոխության հարցը: ՀՀ կառավարության որոշմամբ 2016 թ. որմնանկարն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին, որտեղ որմնանկարի պահպանության համար պատշաճ պայմաններ չլինելու պատճառով անհրաժեշտություն է առաջացել վերջինս թատրոնից տեղափոխել մեկ այլ՝ ավելի բարենպաստ վայր:

Հարկ է նշել, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019 թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել