«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում
12:09 - 10 ապրիլի, 2023

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ եռամսյակային ամփոփում

Իշխող քաղաքական ուժը տարբեր մակարդակներով պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները գործնականում ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավոր ամեն կերպ խուսափելով։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, չեն ենթադրում միայն աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրով են անում։ Այնուհանդերձ, անգամ այդ դեպքում ժամկետները հաճախ չեն պահպանվում։

Infocom-ի լրագրողներն առանձնացրել ենք այս տարվա առաջին եռամսյակում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։

Քաղաքապետարանն անպատասխան է թողել գրավոր հարցումը

2022 թ․ տարեվերջին Երեւան քաղաքի ամանորյա լուսավորությունը ամենաքննարկվող թեմաներից էր։ Քննադատությունները ծավալվում էին նաեւ այն համատեքստում, որ լուսավորության կազմակերպման համար գնումը Քաղաքապետարանը առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից է իրականացրել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ «ինքնին մշակութային միջոցառման իրականացման համար նախատեսված է համապատասխան հիմք, որը իրավունք է տալիս մեկ անձից կատարել գնում»։ Իրականում, սակայն, օրենքը սահմանում է, որ ոչ թե մշակութային միջոցառման իրականացումն ինքնին հիմք է մեկ անձից գնում կատարելու համար, այլ որ դա պետք է պայմանավորված լինի հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ, որը տվյալ դեպքում չկար։

Այս թեմայով մեր գրավոր հարցումը Քաղաքապետարանն անպատասխան է թողել, թեեւ նախապես հավաստիացրել է, որ այն ստացել են։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը օրենսդիր իշխանության վրա չի տարածվում

Փետրվար ամսին, երբ հայտնի դարձավ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի կողմից առերեւույթ խախտումներ թույլ տալու մասին, գրավոր հարցմամբ դիմեցինք Ազգային ժողովի 3 խմբակցություններին՝ հետաքրքրվելով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ, եւ պատրաստվո՞ւմ են արդյոք իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնել։

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատասխանեցին մեր հարցմանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ ոչ։ Վերջինիս քարտուղար Արթուր Հովհաննիսյանը օգնականի միջոցով փոխանցեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տարածվում է գործադիր իշխանության վրա, իսկ պատգամավորներին չի վերաբերում։ Իրականում, սակայն, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների, պետական բոլոր հիմնարկների վրա։

Նոյեմբերյանի համայնքապետարանն ու ՊՆ-ն հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին ծանուցելու, իսկ ԱԱԾ-ն որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց

Նախորդ տարվանից սկսած՝ մի քանի ամիս շարունակ Infocom-ը փորձում էր տեղեկություններ ստանալ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 2 հա մակերեսով համայնքային հողամասը պետությանը նվիրաբերելու, այնտեղ ընթացող շինարարության եւ ռուս զինծառայողների տեղակայման մասին։

Դրա շրջանակում հարցումներ ենք ուղարկել, ի թիվս այլնի, նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարան եւ Պաշտպանության նախարարություն, որոնք, սակայն, հարցմանը պատասխանել են մեկ ամիս անց՝ առանց այդ մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելու եւ վերջնական օրը հայտնելու։

Նույն թեմայի վերաբերյալ հարցումներին ԱԱԾ-ն էլ որոշ չափով խուսափել է բովանդակային պատասխան տալուց։ Մասնավորապես, ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ նպատակով է համայնքային հողամասը որպես նվիրատվություն տրամադրվել պետությանը, եւ ինչ շինարարություն է այնտեղ ընթանում։ Ի պատասխան՝ ԱԱԾ-ից հայտնել էին այն, ինչն առանց այդ էլ տեսանելի էր․ համայնքի ավագանու որոշման մեջ նպատակը նշված չէ։ Անդրադառնալով շինարարությանը՝ ԱԱԾ-ն նշել էր միայն, որ իր կողմից քաղաքաշինական գործունեություն չի իրականացվում։ Սակայն մենք հարցմամբ չէինք էլ ասել, թե ԱԱԾ-ն է քաղաքաշինական գործունեություն իրականացնողը, այլ հարցերը ուղղել էինք այնտեղ՝ որպես դրա լիազոր մարմին։

Քննչական կոմիտեն եւ Պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ մերժել են տեղեկություն տրամադրել

Այս տարվա հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում վառարանը ավտոբենզինով վառելու հետեւանքով հրդեհ էր բռնկվել, զոհվել էր 15 զինծառայող։ Բազմաթիվ հարցեր մինչ օրս անպատասխան են, այդ թվում՝ ինչո՞ւ չի պահպանվել վառարանը վառելու կարգը։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի հոդված 197-ում ասված է. «Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական եւ ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան եւ պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը»:

Այս առնչությամբ Infocom-ը մարտի 6-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հետաքրքրվելով, թե արդյոք ժամը 20-ից հետո հրդեհված կացարանում վառարանը վառելու համար գնդի հրամանատարի թույլտվությունը եղե՞լ է, թե՞ ոչ։ Միայն մարտի 22-ին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ Կոմիտեից գրավոր պատասխանել են, որ մեր հայցած տեղեկությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալ։ 

Ավելի վաղ նույն հարցադրումն արել էինք ՊՆ-ին, սակայն այս գերատեսչությունից էլ դարձյալ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ առաջարկել էին դիմել նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտե։ Այսինքն՝ ՊՆ-ն հնգօրյա ժամկետից հետո է միայն գրավոր պատասխան ուղարկել, որն ըստ էության չի պարունակել հարցի պատասխանը, իսկ ՔԿ–ին երկու շաբաթից ավելի է պահանջվել՝ տեղեկության տրամադրումը պարզապես մերժելու համար։

Վարչապետի աշխատակազմը երկու հարցմանն էլ խուսափողական ու անբովանդակ պատասխաններ է տվել

Այս տարվա մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսն էր։ Սա արդեն երկրորդ ասուլիսն է, որի մասին պաշտոնապես չի հայտարարվում նախապես, եւ լրագրողներին դրան մասնակցելու հայտ ուղարկելու հնարավորություն չի տրվում։ Իսկ ասուլիսի օրը, պարզվում է, շատ լրատվամիջոցներ կամ ուղղակի չեն հրավիրվել, ինչպես, օրինակ, infocom.am-ը, կամ նույնիսկ մերժում են ստացել, ինչպես, օրինակ, azg.am-ը։

Infocom.am-ը չէր հրավիրվել նաեւ նախորդ՝ այս տարվա հունվարի 10-ին հրավիրված ասուլիսին։ Չէին հրավիրվել նաեւ այլ լրատվամիջոցներ այն պարագայում, երբ մարտի ասուլիսին վարչապետին հարց ուղղելու հնարավորություն են ունեցել տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք ներկա էին նաեւ նախորդ ասուլիսին։

Մարտի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով հայտնել, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն են ունեցել մասնակցելու ՀՀ վարչապետի՝ 10.01.2023թ. եւ 14.03.2023թ. ասուլիսին։ Վարչապետի աշխատակազմից պատասխանել էին այսպես․ «ՀՀ վարչապետի ասուլիսին հրավիրված զանգվածային լրատվամիջոցների թվաքանակը պայմանավորված է տարածքում տեղերի սահմանափակությամբ: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նախորդ ասուլիսի համեմատ՝ այս անգամ հրավիրվել են ավելի մեծ թվով զանգվածային լրատվամիջոցներ: Հաջորդիվ կդիտարկվի նաև այս ասուլիսին չմասնակցող ԶԼՄ-ներին հրավիրելու հարցը»: 

Քանի որ այս պատասխանը չէր պարունակում մեր հարցի մասին բովանդակային տեղեկություն, ուստի եւս մեկ հարցում էինք ուղարկել՝ խնդրելով ըստ էության պատասխանել եւ նաեւ նշել, թե ինչո՞ւ մեր լրատվամիջոցը չի հրավիրվել երկու ասուլիսներին էլ։ Վարչապետի աշխատակազմից ստացել էինք հետեւյալ գրությունը․ «Ձեր՝ մարտի 15-ի հարցման կապակցությամբ տրամադրված տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունենք»։

Գրավոր հարցմամբ տեղեկություն ստանալու իր իրավունքն Infocom-ը շարունակելու է իրացնել՝ պարբերաբար ներկայացնելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դրա առնչությամբ։ 

 

Միլենա Խաչիկյան

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել