photo_2026-05-11_22-42-14

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 4-րդ օրը

Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չորրորդ օրն էր։ Կուսակցություններն ու դաշինքներն այսօր քարոզարշավ անցկացրին Երևանում և մարզերում։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում էր։

Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նշեց՝ մայիսի 28-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին քարոզարշավի պատճառով․ հայկական կողմից միջոցառմանը կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։

Խոսելով Հայաստանը Եվրոպա տանելու թեմայի մասին՝ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ իրենք ոչ թե Հայաստանն են տանում Եվրոպա, այլ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան։

«Դա նրա մասին չի, որ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա, դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում»,- հայտարարեց Մարությանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները շրջայց կատարեցին Սյունիքի մարզի Ագարակ համայնքում՝ քաղաքացիներին փոխանցելով թռուցիկներ և նշելով՝ «փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։

«Բարգավաճ Հայաստանը» Հրազդանում էր։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը որպես կուսակցության առաջնորդ։

«Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի։ Պետք է աշխատած, փորձառու մարդ, որպեսզի ժողովրդի վրա փորձեր չկատարվեն»,- ասաց նա։

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավն անցկացրեց Արագածոտնի մարզում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն այսօր հրապարակում էր կատարել, որ ՌԴ-ն փորձում է խաղի մեջ մտցնել Արցախի վերադարձի հարցը, և դրանից օգտվելու է Ադրբեջանը։

«Ցավոք, Ալիևը նման հռետորաբանությունից օգտվելու է, քանի դեռ մենք իրական քայլեր չենք ձեռնարկել ՀՀ տնտեսության մեջ թռիչքային աճ ապահովելու, մեր բանակի մատակարարումներն արդիականացնելու և բազմապատկելու ուղղությամբ, ինչպես նաև քանի դեռ մեր ժողովրդի քվեով ՀՀ խորհրդարանում կարող են հայտնվել ՌԴ շահերը սպասարկող ուժեր»,- գրել էր Սարգսյանը։

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կուսակցության հրապարակած տեսանյութում հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը և այդ ժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թաքցրել են հանրությունից 2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած պլանը։

«Այդ պլանը երանելի մի փաստաթուղթ էր հայկական կողմի համար, քանի որ այն երաշխավորված խաղաղություն էր հաստատում, և հայկական կողմը պահպանում էր իր վերահսկողությունը ամբող ԼՂ ինքնավար տարածքի, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի շրջանների նկատմամբ»,- նշեց նա։

«Միասնության թևեր»-ն այսօր Երևանում էր։ Կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը սոցցանցային տեսանյութով ներկայացրեց «Միասնության թևեր»-ի ծրագրի կետերից մեկը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը։

«Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում»,- հայտարարեց նա։

Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված են նաև հարկային արտոնությունների հետ կապված այլ ծրագրեր, որոնք ևս փուլ առ փուլ կներկայացվեն։

Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքի այլ անդամներ այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դպրաբակ համայնքներում էին, զրուցում էին քաղաքացիների հետ։

Դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը Դպրաբակում քաղաքացիների հետ զրույցում հայտարարեց՝ իրենց ծրագրում կետ ունեն, ըստ որի՝ գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի։

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունն էլ ներկայացրեց իր ծրագրի կարեւոր կետերը։ Ծրագրում ի թիվս այլնի տեղ են գտել կետեր, ըստ որոնց՝ Տարազ կրողները կպարգեւատրվեն, իսկ եկեղեցուն կտրվի դիվանագիտական կարգավիճակ։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավի շրջանակներում իրազեկման ակցիա իրականացրեց Շենգավիթում։

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը դիմեց իրենց աջակիցներին՝ կոչ անելով այս փուլում լինել առավել ակտիվ։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն ընտրություններին մասնակցության մասին տեղեկացնելը, այլև հանրությանը հիշեցնել, որ «Սասնա ծռեր» խմբի մի շարք անդամներ շարունակում են մնալ անազատության մեջ։

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն այսօր Արթիկ խոշորացված համայնքում իր ելույթի ժամանակ անդրադարձավ հայ-ռուսական փոխհարաբերություններին։

«44-օրյա պատերազամի ժամանակ հակառակորդի սպառազինության 85%-ը եղել է ռուսական։ Սրա պատասխանը պահանջող որևէ մեկը եղե՞լ է։ Մենք այս հարցն ենք բարձրացնում»,- հայտարարեց Բաբաջանյանը։

Այսօր նորություններ կային նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ ԿԸՀ-ն հայտարարեց, որ ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները։ ԿԸՀ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 

  • «Հանրապետություն» կուսակցությունից Արթուր Աշոտի Բաբայանը, Գևորգ Հենրիկի Հովհաննիսյանը, Հակոբ Ռեստակի Տերջանյանը, Հենրիկ Կարենի Կարապետյանը և Վան Անդրանիկի Հարությունյանը, 
  • Հայաստանի շնորհապետական կուսակցությունից Հայկ Արկադիայի Ավագյանը, 
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքից Սվետլանա Գումեդինի Գորգինյանը և Հակոբ Ռոբերտի Ճարոյանը։

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ ուսումնասիրել է Ջահերով երթի վրա կատարված ծախսերը և պարզել է, որ դրանք կատարվել են Դաշնակցություն կուսակցության բյուջեից և, ըստ այդմ, խախտում չկա: Այդ մասին հայտնել է «Անկախ դիտորդ»-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն