44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները շարունակում են նստացույցը ՔԿ-ի մոտ․ Մամիկոնյանց փողոցի մի հատվածը փակ է |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Քննչական կոմիտեի շենքի առաջ՝ փակ պահելով Մամիկոնյանց փողոցի մի հատվածը։ Նրանք գիշերել են տարածքում։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը «Ազատությանն» ասաց, որ գիշերվա ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Հարազատները դեռ սպասում են, որ գերատեսչությունից որևէ պաշտոնյա իրենց մոտենա, պարզաբանում տա նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը պանթեոն։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով): Մինչ այս պահը դեպքի առթիվ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև