Դիլիջանի կենտրոնական դպրոցում ապրիլի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ ամրագրելով մարզում համատեղ որակյալ կրթական մշակույթ և միջավայր ստեղծելու իրենց ձգտումն ու նպատակը։

Ինչպես հայտնեցին ՀՀ Տավուշի մարզպետարանից, մարզպետարանն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթություն և նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը և կհամագործակցեն՝ հաշվի առելով գործունեության ընդհանուր շրջանակն ու 13 տարիների ընթացքում հիմնադրամի իրականացրած կրթական հաջողված ծրագրերը։

«Այբ» կրթական հիմնադրամը համագործակցության հուշագրի շրջանակում պատրաստակամ է առանձին և այլ գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացնելու կրթական ծրագրեր ՀՀ Տավուշի մարզում` նպաստելով մարզի կրթական ոլորտի բարելավմանը, հանրակրթական հաստատությունների վերազինմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների գիտելիքների ձեռք բերմանը, երիտասարդության շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության ավելացմանը, ինքնակրթության մշակույթի ձևավորմանը:

Համատեղ աշխատանքներ կիրականացվեն մի քանի ուղղություններով, մասնավորապես.

  • «ԱյբԼաբ» ծրագրի տարածում ու ներդրում ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում, ծրագրի շրջանակում դպրոցների ուսուցիչների գործնական հմտությունների զարգացում,
  • ուսուցիչների վերապատրաստում,
  • «Այբ»-ի գործընկեր դպրոցների ցանցում Տավուշի մարզի դպրոցների ներգրավում,
  • նախագծային ուսումնառություն,
  • ինքնազարգացմանն ուղղված առցանց ուսման խրախուսում՝ «Քան» ակադեմիայի հայալեզու հարթակի հիման վրա,
  • կրթական տուրիզմի ոլորտում ջանքերի համադրում:


Մարզում «Այբլաբերի» հիմնադրման համար բազա կհանդիսանա ոչ թե մայրաքաղաքում, այլ հենց մարզում հաջողությամբ փորձարկված՝ Դիլիջանում գործող այբական դպրոցի լաբորատորիայի մոդելը։

Մինչ փաստաթղթի ստորագրումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբեկյանը, Դիլիջանի դպրոցի տնօրեն Նաիրա Դալուզյանը և այլ հյուրեր շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցում՝ ծանոթանալով մարզում արդեն վեց տարի գործող, հանրակրթական ամենախիստ չափանիշներին համապատասխանող և համայնքային կարևոր նշանակության դպրոցի կրթական հնարավորություններին, այդ թվում՝ ԿԲ նախաձեռնությամբ գործող Ֆաբլաբի աշխատանքներին։

Հայկ Չոբանյանը, կարևորելով մարզում կրթությանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, նշեց. «Ամենամեծ ներդրումը մարդկային ներուժի զարգացմանն ուղղված ջանքերն են։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում բնագիտական ուժեղ կրթությունը հաղթելու բանաձև է։ Այսօր մենք ոչ միայն հուշագիր ենք ստորագրում, այլև սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքը ուժեղ ուսուցիչն է, ուժեղ քաղաքացին և ուժեղ պետությունը»։