Առանց կատալիտիկ չեզոքացուցիչների ավտոմեքենաները՝ շրջակա միջավայրի աղտոտման պաճառ
13:03 - 10 սեպտեմբերի, 2019

Առանց կատալիտիկ չեզոքացուցիչների ավտոմեքենաները՝ շրջակա միջավայրի աղտոտման պաճառ

Հայաստանում վարորդները վերջերս սկսել են ակտիվորեն հեռացնել իրենց մեքենաներից կատալիտիկ չեզոքացուցիչները  և վաճառել դրանք:

Կատալիտիկ չեզոքացուցիչը հատուկ սարք է, որի նպատակն է նվազեցնել փոխադրամիջոցի շարժիչում վառելիքի այրման հետևանքով առաջացած գազերի թունավորության աստիճանը: «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի» նախագահ Արտյոմ Պետրոսյանի խոսքով կատալիտիկ չեզոքացուցիչի միակ հիմնական գործառույթը շրջակա միջավայրի պաշտպանությունն է:

«Առանց այդ սարքավորման շահագործվող ավտոմեքենաները դադարում են համապատասխանել ներկայումս ՀՀ տարածքում գործող էկոլոգիական նորմերին: Վառելիքի այրման ընթացքում մթնոլորտ հիմնականում արտանետվում են ազոտ, ջուր և ածխաթթու գազ, որն ինքնին անվտանգ է շնչելու համար, սակայն նպաստում է ջերմոցային էֆեկտի խորացմանը: Բացի նշված նյութերից, արտանետվում են նաև ածխաջրածնային միացություններ, ազոտի տարաստիճան օքսիդներ և CO գազ, որոնք, ի տարբերություն նախորդ նշածների, չափազանց թունավոր են: Այսպիսով, եթե մեքենան շահագործվում է անսարք կատալիզատորով, կամ վարորդը ընդհանրապես հեռացրել է այն մեքենայից, այս բոլոր թունավոր նյութերը անարգել մղվում են դեպի մթնոլորտ, ինչը, բնականաբար, չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատում ենք Հայաստանում»,- նշում է նա:

Պարոն Պետրոսյանի խոսքով` զարգացած երկներում արգելված է ավտոմեքենայի շահագործումը, եթե այն սարքավորված չէ կատալիտիկ չեզոքացուցիչով:

«Եթե ինչ-ինչ պատճառներով այն շարքից դուրս է գալիս, ապա այն ենթակա է փոխարինման ընդհանուր կարգով, ինչպես մեքենայի ցանկացած այլ մաս: Այսպիսով, կարելի է ասել, որ ոչ մի թույլատրելի պատճառ կատալիզատորի հեռացման համար գոյություն չունի: Սակայն խնդիրն այն է, որ այս պահեստամասը չափազանց թանկ է, քանի որ դրա կառուցվածքի մեջ կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ պլատին, պալադիում և ռոդիում: Ի դեպ, որոշ արտադրողներ կիրառում են նաև ոսկի, որն իրականում նույնիսկ ավելի էժան է, քան նշված մետաղները: Հենց այստեղ է, որ ծագում է այն խնդիրը, ինչը մենք նկատում ենք այսօր: Հաշվի առնելով, թե ինչ աստիճանի է մաշված հայաստանյան ավտոպարկը, երբեմն կատալիզատորը կարող է ավելի թանկ լինել, քան տվյալ ավտոմեքենայի շուկայական արժեքն է»,- նշում է նա:

Սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում փնտրելիս հաճախ կարելի է հանդիպել անհատների կամ կազմակերպությունների, որոնք զբաղվում են կատալիտիկ չեզոքացուցիչի առքուվաճառքով:

Լինում են դեպքեր, երբ վարորդները վաճառում են չեզոքացուցիչը, չնայած այն անսարք վիճակում չէ:

Պարոն Պետրոսյանն ասում է,  որ  սարքին կատալիտիկ չեզոքացուցիչի հեռացման համար գոյություն ունի միայն մեկ պատճառ՝ այնտեղ կիրառված թանկարժեք մետաղները:

«Շուկայում գործում են խաղացողներ, որոնք համեմատաբար բարձր գնով ձեռք են բերում կատալիզատորները՝ այնտեղից հետագայում նշված թանկարժեք մետաղները հանելու համար: Հաշվի առնելով այն ցավոտ հանգամանքը, որ մենք որպես հասարակություն անտարբեր ենք էկոլոգիական խնդիրների հանդեպ, եթե դրանք այնքան էլ տեսանելի չեն, ինչպես, օրինակ, Ամուլսարը, մեզանում շատ տարածված է սարքին կատալիզատորները ավտոմեքենաներից հեռացնելու սովորությունը: Որքան մեծ է ավտոմեքենայի շարժիչի ծավալը, հիմնականում այդքան մեծ է նաև դրա չեզոքացուցիչի ծավալն ու, հետևաբար, այնտեղից ստացվող թանկարժեք մետաղների պոտենցիալ քանակը: Այստեղ դեր է խաղում նաև հասարակության ընդհանուր ցածր կենսամակարդակը, ինչից օգտվում են կատալիզատորներ գնող անհատները կամ կազմակերպությունները»,- նշում է նա:

Արտյոմ Պետրոսյանն ասում է, որ ներկայումս որևէ օրենքով չի արգելվում կատալիտիկ չեզոքացուցիչի վաճառքը, քանի որ դա ավտոմեքենայի ստանդարտ մաս է, որը արգելքի դեպքում հնարավոր չէր լինի ձեռք բերել, եթե  շարքից դուրս գար:

«Ուրիշ հարց է, որ հետզհետե ձևավորվում է որոշակի շուկա, որի տրամաբանությունը ընկած է ավտոմեքենաների անվտանգ շահագործման պահանջներից դուրս և որն ավելի շատ առաջնորդվում է թանկարժեք մետաղների շուկայի չափանիշներով: Թե ինչ ճակատագիր են ունենում կատալիզատորներից ստացված թանկարժեք մետաղները, կարելի է ենթադրել: Մենք՝ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների Ասոցիացիան», խորհուրդ ենք տալիս վարորդներին չտրվել պահի գայթակղությանը և թեկուզև մի քանի տասնյակ հազար դրամի դիմաց չվտանգեն իրենց և մեր հասարակության առողջությունը»,- նշում է նա:

Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից բենզինի և գազի այրման ժամանակ առաջացող արտանետումների քիմիական կազմը տարբեր է, և համարվում է, որ գազը այդ տեսանկյունից որոշ աստիճանի պակաս վնասակար ազդեցություն ունի: Սրանից կարելի է եզրակացնել, որ եթե առանց կատալիզատորի ավտոմեքենան աշխատում է գազով, ապա որոշակի առումով, բայց ոչ ամբողջությամբ, դա պակաս վնասակար է, քան, եթե մեքենան շարունակում է աշխատել բենզինով և առանց կատալիզատորի:

Ցանկացած դեպքում նա խորհուրդ է տալիս վարորդներին չանտեսել կատալիզատորի ֆունկցիոնալլ նշանակությունը և գումար աշխատելու համար չհեռացնել այն:

Շրջակա Միջավայրի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի աշխատակից Ամալյա Գևորգյանի խոսքով մինչև այս տարվա փետրվար գործում էր կառավարության 2000 թվականի N 902 որոշումը, որտեղ մի կետով ամրագրված էր, որ անպայման պետք է կատալիզատոր ունենա Հայաստան ներմուծված մեքենան:

Կան նաև կառավարության 2007 թվականի N 344 և 2011 թվականի N 350 որոշումները, որոնք սահմանում են համապատասխանաբար ընդհանուր և ոչ ընդհանուր  օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անկացման կարգը:

Երկու որոշման մեջ էլ նշվում է, որ տեխնիկական զննության հիմնական խնդիրենրից մեկը վնասակար նյութերի՝ մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումն է:

Կա նաև 2017 թվականի N 860 որոշումը, որով սահմանվում են ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակները:

«Երբ մենք 2015 թվականի հունվարի 1-ից միացանք Մաքսային միությանը, այսինքն՝ ԵԱՏՄ-ին (ԵԱՏՄ-ի կարգավորումները միասնական են բոլոր անդամ երկրների համար), ԵԱՏՄՆ-ն ուներ տեխնիկական կանոնակարգ, որը 2012 թ․ էր ընդունվել, որ շահագործվող, ներմուծվող մեքենաները անպայման պետք է ունենան կատալիզատոր, բայց մի շարք տեխնիկական կանոնակարգեր կային, որոնք Հայաստանի առաջարկությամբ ՀՀ տարածքում պետք է գործեին տարբեր ժամանակահատվածներում: Մեր երկրում ժամանակ էր պետք, որ այդ կանոնակարգերի գործողությունը ուժի մեջ դրվի։ Ավտոմեքենաների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում ավտմեքենաներին վերաբերող շատ պարամետրեր կան, թե ինչ ձևով դրանք պետք է շահագործվեն ու ներմուծման ժամանակ էլ ունենան այդ չափանիշները, այդ թվում՝ նաև այդ կատալիզատորը։ Դա Հայաստանի համար ուժի մեջ է մտնելու 2020 թ. հունվարի 1-ից»,- նշում է տիկին Գևորգյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ջրերի, մթնոլորտի, թափոնների վարչության պետ Վրեժ Գալոյանը նշում է, որ  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առանձին չի ստուգում՝ կա՞ մեքենայի մեջ կատալիտիկ չեզոքացուցիչ, թե՞ ոչ։ Գոյություն ունեն մթնոլորտ արտանետումների սահմանային թույլատրելի նորմեր։ Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ մեքենան գերազանցում է այդ նորմերը (անկախ նրանից՝ պատճառը կատալիտիկ չեզոքացուցիչի բացակայությունը կլինի, թե այլ), վարորդը ենթարկվում է 50000 դրամ վարչական տուգանքի։

Պարոն Գալոյանի խոսքով՝ Հայաստանում վերահսկողություն իրականացնելու խնդիր կա, քանի որ մեր չափիչ սարքերը  հնարավորություն ունեն ստուգելու միայն բենզինով աշխատող մեքնենաների արտանետումների համապատասանությունը թուլյատրելի սահմանային նորմերին։ Երբ Հայաստան են ներմուծում բենզինով աշխատող մեքենաներ, դրանց մեծամասնությունը մի քանի օր հետո սկսում է գազով աշխատել, և այդ մեքենաների վերահսկողությունն իրականացնելն անհնար է դառնում։ 

«Դրա համար հիմա մեր վերահսկողությունը բաց վիճակում է, միայն տեխնիկական զննման կետերն են ստուգում իրականացնում»,- նշում է նա։

Պարոն Գալոյանի խոսքով նախատեսվում են օրնեսդրական բարեփոխումներ, այժմ աշխատում են նախագծերի վրա։ Նա նշում է, որ այս հարցում մոտեցումնեը տարբեր են, որովհետև եթե նոր սարքեր լինեն, որոնք կստուգեն նաև գազով աշխատող մեքենաների համապատասխանությունը բնապահպանական նորմերին, Հայաստանում աժիոտաժ կառաջանա, քանի որ մինիմալ վարչական տուգանքը 50000 դրամ է։

 Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել