lragir.am։ Էներգետիկ ոլորտում բավական մտահոգիչ փաստեր են արձանագրվել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում: Այս մասին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս ասաց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
«Նյութը բավական ծավալուն է, երկու առանձին դեպքերով նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Առկա են խնդիրներ թե մրցութային գործընթացի, թե դրանց կատարման ֆինանսական կարգապահության մասով: Տրվում են պայմանագրով չնախատեսված միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտականությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- ասաց Յոլյանը:
Նա նշեց, որ էներգետիկ ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ԲԷՑ-ի և արտասահմանյան ընկերությունների միջև հաճախ առաջացել են անհամաձայնություններ և միմյանց նկատմամբ փոխադարձ պահանջներ: Միլիոնավոր դոլարներ արժեցող պայմանագրերի պահանջները հաճախ անտեսվել են: Տարբեր վարկային ծրագրերի շրջանակներում վեց ենթակայանների վերակառուցումը նախատեսվել էր ավարտել 2018 թվականի ընթացքում, սակայն 2018-ի սեպտեմբերի վերջի դրությամբ դրանց աշխատանքների կատարողականները տատանվում էին 21-44 տոկոսի միջակայքում:
«Ընդհանուր առմամբ արձանագրվել են 246 դեպքով անհամապատասխանություններ, որից ավելի քան 30-ը՝ ֆինանսական բնույթի: Դրամային արտահայտությամբ դրանք կազմում են մոտ 10 մլրդ դրամ»,- ասաց Յոլյանը:
comment.count (0)