Եթե աղճատվում է հուշարձանի ճարտարապետական տեսքը, ուրեմն այդ միջամտությունը տեղին չէ․ Տիգրան Գալստյան |hraparak.am|
12:49 - 18 դեկտեմբերի, 2019

Եթե աղճատվում է հուշարձանի ճարտարապետական տեսքը, ուրեմն այդ միջամտությունը տեղին չէ․ Տիգրան Գալստյան |hraparak.am|

hraparak.am: Հարցազրույց մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանի հետ։

- Պարո՛ն Գալստյան, Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող նախկին գրապալատի շենքը կրկին հատկացվեց Մնջախաղի թատրոնին։ Այդ որոշումը, սակայն, մեկ տարի առաջ Լիլիթ Մակունցի կողմից չեղարկվեց այն հիմնավորմամբ, որ շենքը պատմամշակութային հուշարձան է եւ չի կարող որեւէ նախագծային փոփոխության ենթարկվել։ Մյուս կողմից էլ՝ մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանն օրերս վստահեցրեց, որ շենքի հետ կապված փոփոխությունները չեն եղել ի վնաս շենքի տեսքի ու պատմամշակութային արժեքի:

- Նախ, չէի ուզենա նախարարությանը քննադատել, բայց այս դեպքում ստիպված եմ, որովհետեւ ինքներդ էլ երեւի նկատել եք, թե համացանցում ինչ բուռն քննարկումների տեղիք տվեց այս հարցը։ Այն միջամտությունը, որ կատարվել է շենքի հարցում, եւ այն նախագիծը, որ ներկայացվել է, ըստ իս եւ բազմաթիվ այլ մասնագետների՝ չի արժեւորում հուշարձանը, իսկ հուշարձանի վրա փոփոխությունը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունն արժեւորում է հուշարձանը։ Այսինքն՝ եթե աղճատվում է հուշարձանի ճարտարապետական տեսքը, նրա արժեքը, ուրեմն այդ միջամտությունը տեղին չէ։ Երբ նախորդ տարիներին, նախորդ իշխանությունների օրոք որեւէ հուշարձան աղճատվում էր, օրինակ՝ Փակ շուկան կամ Աֆրիկյանների տունը, սովորաբար մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը մերժում էր այդ նախագիծ, ընթացակարգի խախտմամբ կառուցապատողը կառուցում էր եւ այդ պատճառով կառուցապատողն էր թիրախավորվում։ Այս դեպքն աննախադեպ է նրանով, որ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը տվել է իր համաձայնությունը։ Չնայած համացանցում տեսա, որ խորհրդի որոշ անդամներ փորձում են արդարանալ, թե իրենք այդ կազմում չեն եղել, բայց, այնուամենայնիվ, իրենց պատասխանատվությունը շատ մեծ է այս հարցում։

- Իսկ ինչո՞ւ է խորհուրդը նման քայլի գնացել։

- Ինձ համար էլ էր տարօրինակ, թե ինչու է խորհուրդը նման քայլի գնացել։ Ես հայտնաբերեցի, որ Քոչարյանի ժամանակ, երբ Երեւանի հուշարձանների ցանկը կասեցվել էր, եւ Հյուսիսային պողոտայի տարածքում հուշարձաններ էին քանդվել, այդ ժամանակվա փոխնախարար Գ․ Գյուրջյանին, ով դրանից առաջ էլ քաղաքաշինության հուշարձանների վարչության պետն էր, այսօր բերել նշանակել են գիտամեթոդական խորհրդում ու բավականին ակտիվ դիրքերում։ Իսկ այդ մարդը հայտնի էր որպես կոռումպացված համակարգի մի մաս։ Ու հիմա այդ մարդուն բերում-նշանակում են գիտամեթոդական խորհրդի անդամ, իսկ խորհուրդն էլ հաստատում է այդ նախագիծը։ Իհարկե, խորհուրդը հաստատում է, բայց վերջնական որոշումը կայացնում է նախարարությունը՝ ոլորտային փոխնախարարը։ Այս իրավիճակում հասկանում եմ, որ Նարինե Թուխիկյանը ճարտարապետ չէ եւ հնարավոր է միայն խորհրդի կարծիքը լսած լինի։ Հիմա գանք հարցի 2-րդ մասին․ ինչո՞ւ են հարկատուներիս եւ կոնկրետ իմ հարկերի հաշվին Մնջախաղի թատրոն կառուցում, ո՞նց են որոշել, որ մնջախաղը պետք է ունենա առանձին թատրոն։ Մնջախաղի թատրոնը մինչեւ այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում շաբաթական մոտ մեկ ներկայացում էր ունենում, ես մի քանի անգամ եղել եմ իրենց ներկայացմանը, եւ իմ եղած ժամանակ 10-20 մարդ էր ներկա լինում։ Շաբաթական 10-20 հանդիսատեսի համար հիմա պետբյուջեից 212 մլն գումար պետք է հատկացվի, որ թատրոն սարքվի։ Հետո կառավարության 5- ամյա ծրագրում չկա Մնջախաղի թատրոն բացելու տող: Ես հասկանում եմ, թե ինչու Ամիրյանի ժամանակ հատկացվեց այս նախագիծը, որովհետեւ Ժիրայր Դադասյանը Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ մտերիմն էր։ Բայց մենք ունենք բազմաթիվ թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, որոնք վերանորոգման, տեխնիկայի թարմացման կարիք ունեն։ Օրինակ՝ Օպերայի տանիքից ջուրը կաթում է, եւ մենք անցած տարի նախատեսել էինք, որ գումար տրամադրվի, եւ այս տարի շինարարություն արվի, բայց չի արվել։ Հետո՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախարար եղած ժամանակ արդեն կայացրել էր որոշում, բայց հիմա նոր փոխնախարարը կայացնում է որոշում, որը հակասում է դրան։ Իսկ դա անտրամաբանական է։

- Անտրամաբանական չէ՞, որ հուշարձանի դեպքում մոտեցումը՝ թե՛ նախկինում, թե՛ հիմա, պետք է որ հստակ լիներ․ կա՛մ վնասում է, կա՛մ չի վնասում։ Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ տարի առաջ նույն գիտամեթոդական խորհուրդը մերժում է, իսկ մեկ տարի անց հաստատում նախագիծը։

- Որովհետեւ կազմը փոխվել է, չգիտեմ՝ ամբողջությամբ է փոխվել, թե ոչ, բայցեւայնպես։

- Իսկ Դուք անձամբ նախագծին ծանոթացե՞լ եք, շենքի հարցում լո՞ւրջ փոփոխություններ են արվել։

- Այն, ինչ հրապարակվել է, ես դրա հետ ծանոթացել եմ։ Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ պետք է նախագիծը հրապարակվի, եւ այն, ինչ պաստառի վրա հրապարակվել է, դրան ծանոթացել եմ։ Որպես ճարտարապետ, կարծում եմ՝ շենքի ճարտարապետությանը հարիր չէ միջամտությունը։ Նախագիծը, որ տեսել եմ, նախատեսում էր տանիքին եւս մի հարկ կառուցել։ Մասնագիտական 2 բան կա նախագծի մեջ․ նախ՝ գրված էր՝ վերակառուցում, մինչդեռ հուշարձանը չեն վերակառուցում, այլ վերականգնում են։ Դա մասնագիտական կոպիտ վրիպակ է։ Եվ երկրորդ․ նախագծի մեջ չի երեւում, թե ինչ գոյություն ունի, եւ ինչն են ավելացնում, ինչն են փոփոխության ենթարկում։ Ամեն դեպքում երեւում է, որ տանիքին հարկ է ավելացվում։ Ես ցանկացած դեպքում կողմ եմ, որ հուշարձանն օգտագործվի՝ հարմարեցվելով ժամանակակից քաղաքաշինական պահանջներին, հուշարձանի պահպանման աքսիոմը իրեն օգտագործելն է, որովհետեւ, եթե չի օգտագործվում, ապա ժամանակի ընթացքում վերածվում է ավերակի, բայց այդ փոփոխությունները բացասական չպետք է անդրադառնան հուշարձանի արժեքի վրա։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել