Զինվորական դատախազության՝ 2019-ի առաջին կիսամյակի ուսումնասիրություններով՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 9 մլրդ 752 մլն դրամ
11:21 - 02 օգոստոսի, 2019

Զինվորական դատախազության՝ 2019-ի առաջին կիսամյակի ուսումնասիրություններով՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 9 մլրդ 752 մլն դրամ

Զինվորական դատախազությունն ամփոփել է իր իրավասության շրջանակներում պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․առաջին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ 

Նշված ժամանակահատվածում զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը և կայազորների զինվորական դատախազությունները իրականացրել են 188 ուսումնասիրություն, որը քանակական առումով 20-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։

Ուսումնասիրություններից 102-ի դեպքում հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ համապատասխան միջոցներ: Մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել է 20 քրեական գործ։

Ըստ հաղորդագրության՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլրդ 752 մլն դրամ։ 2018թ. առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:

2019թ. առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321,4 մլն դրամ վնաս, 2018թ. նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60,8մլն դրամ կամ 5,2 անգամ պակաս:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել