Լիտվայի Մեծ դքսերի պալատում կայացել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը |armenpress.am|
20:00 - 26 փետրվարի, 2020

Լիտվայի Մեծ դքսերի պալատում կայացել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Լիտվայի Մեծ դքսերի պալատում փետրվարի 25-ին տեղի է ունեցել «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։

Լիտվայում ՀՀ դեսպանությունն «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորել է բժիշկ Կարապետ Բաբայանին՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ ամուր պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները վերջին շրջանում մեծ վերելք են ապրել։

Ներկայացնելով Կարապետ Բաբայանին, նրա անցած ուղին և ներկա գործունեությունը՝ Տիգրան Մկրտչյանը նշել է, որ պատվավոր հյուպատոսի իր գործունությամբ Կարապետ Բաբայանը նպաստելու է երկկողմ տնտեսական և գործարար կապերի, առևտրաշրջանառության, զբոսաշրջության, Հայաստանի և Լիտվայի գործարար համայնքների, ինչպես նաև մշակութային և կրթական կապերի սերտացմանը։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Խաչատրյան Տրիո»-ն, երեկոյի ընթացքում կատարվելիք ստեղծագործությունները և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան իր ողջույնի խոսքում շնորհավորել է Կարապետ Բաբայանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության ընթացքում։ Լիտվացի պաշտոնյան գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ օդային կապի հաստատումը և նշել, որ այն միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նաև անդրադարձել է Լիտվայի և Հայաստանի միջև առկա ջերմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը։

Իր երախտիքի խոսքն է ասել նաև նորանշանակ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, ով, շնորհակալություն հայտնելով դեսպան Մկրտչյանին այս պատասխանատու առաքելությունն իրեն վստահելու համար, նշել է, որ ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար աշխատելու է Լիտվան և Հայաստանն իրար ավելի մոտ և հասանելի դարձնելու, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ևս մեկ կապող օղակ լինելու ուղղությամբ։

Միջոցառման համերգային հատվածում «Խաչատրյան Տրիո»-ի երաժիշտները՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը կատարել են Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Արվո Պյարտի, Գեորգս Պելեցիսի, Միկալոյուս Չյուրլիոնիսի և այլոց ստեղծագործություններ, որոնք արժանացել են հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին։

 

Երեկոյի մշակութային մասի ավարտին հաջորդել է ընդունելություն՝ ի պատիվ Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման, որտեղ հատուկ տաղավարով ներկայացվել է հայկական «Արարատ» կոնյակը, ներկայացվել և մատուցվել են հայկական գինի և ուտեստներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել