Կա խտրականության դեմ համապարփակ օրենք ունենալու անհրաժեշտություն. Անի Ասատրյան
18:57 - 09 ապրիլի, 2019

Կա խտրականության դեմ համապարփակ օրենք ունենալու անհրաժեշտություն. Անի Ասատրյան

Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է Ազգային ժողովում «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի արձագանքն այդ ելույթին:

Տասից ավելի իրավապաշտպան ՀԿ-ներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Զոհրաբյանի արձագանքը գնահատելով խտրական: Միջադեպին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանը՝ ասելով, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի նման պահվածքը կասկածի տակ է դնում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակը:

Առավել հաճախ խտրականության ենթարկվող խոցելի խմբերի, խտրականության դեմ պայքարում պետության պարտավորությունների, մեդիայի և ՀԿ սեկտորի դերի վերաբերյալ զրուցել ենք հետազոտող-փորձագետ Անի Ասատրյանի հետ:

Անդրադառնալով խտրականության ենթարկվող թիրախային խմերին` Անի Ասատրյանը նշեց, որ Հայաստանում և առհասարակ, խտրականության են ենթարկվում հիմնականում տարատեսակ փոքրամասնությունները. «Խտրական վերաբերմունքի են արժանանում հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձինք, տարբեր կրոնական կամ էթնիկ փոքրամասնությունների պատկանող մարդիկ, նաև ծերերը: Մեր հասարակությունում տարածված է նաև սեռով պայմանավորված խտրականությունը, ինչին բախվում են կանայք: Կա նաև բազմակի խտրականություն ասվածը, երբ անձը միաժամանակ, օրինակ, և՛ կին է, և՛ հաշմանդամություն ունի, և՛ ծեր է, ու այս բոլոր հիմքերով էլ ենթարկվում է խտրականության»:

Օրեր առաջ ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթը նա համարում է քայլ առաջ` ցավով նշելով, որ նման փոքր իրողությունը ստիպված է առաջընթաց համարել: «Նախկինում նույնիսկ այդ հնարավորությունը չի եղել, բայց, ամեն դեպքում, սա մեծ բան չէ. մարդկանց ընդամենը հարթակ է տրվել սեփական իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հարցը բարձրացնելու: Խնդիրները սրանով չեն լուծվում. տեսանք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի արձագանքը, դա խտրականություն տիպիկ դրսևորում էր»:

Ըստ փորձագետի` պետությունը պետք է հստակ սահմանի իր վերաբերմունքը, ռազմավարությունը խտրականության վերացման և հանդուրժողականության տարածման հարցով. «Հիմնական պատասխանատուն այս խնդրի հենց պետությունն է, մինչդեռ երկար տարիներ այն թողնված է եղել միայն հասարակական կազմակերպությունների վրա: Ի վերջո, պետությունն է ստանձնել միջազգային պարտավորություններ, պետությունն է պատասխանատու իր քաղաքացիներին հավասար, առանց խտրականությունների միջավայր ապահովելու համար»:

Անդրադառնալով Հ/Կ սեկտորին ուղղված այն քննադատություններին, թե վերջիններս դուրս չեն գալիս իրենց փոքր շրջանակից ու փորձում հասարակության ավելի լայն ու խտրականացնելու հակված շերտերի հետ աշխատել, Անի Ասատրյանն ասաց, որ համաձայն չէ այդ քննադատությանը։ «ՀԿ-ները իրենց ունեցած ռեսուրսներով փորձում են խնդիրը հնարավորինս տեսանելի դարձնել` ֆիլմի դիտումներ, հանդիպումներ, քննարկումներ ու տարբեր ակցիաներ են կազմակերպում: Սա որոշ չափով նպաստում է հասարակության իրազեկվածության մակարդակի աճին, բայց դեռ ժամանակ է պետք: Բացի այդ, էական է, թե ինչպիսի պայմաններում են նրանք աշխատում: Չպետք է անտեսենք իրավապաշտպանների նկատմամբ բռնության կոչերը, սպառնալիքները, ատելության խոսքը»,- նշեց նա:

Կարևորելով մեդիայի դերը` որպես հասարակական կարծիքի հիմնական ձևավորողներից մեկը՝ Ասատրյանն ասաց. «Սա ամենազգայուն հարցերից է: Մեդիան, որը պետք է պայքարի խտրականության դեմ, շատ հաճախ հենց ինքն է դառնում դրա տարածման, խթանման միջոց` տարատեսակ գովազդների, սերիալների, հաղորդումների տեսքով: Այստեղ խիստ կարևոր է լրագրողների և առահասարակ մեդիայի ոլորտում աշխատող մարդկանց կրթվածության, իրազեկվածության և այս զգայուն թեմաները լուսաբանելիս պատասխանատվության բարձրացումը՝ միաժամանակ ապահովելով մեդիայի ազատությունը և անկախությունը»:

«Խնդիրները չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավական դաշտում այսքան բացեր կան»,-կարծում է նա:- «Նախ և առաջ, կա խտրականության դեմ համապարփակ օրենք ունենալու անհրաժեշտություն: Իհարկե, մեր Սահմանադրությունը բացառում է խտրականությունը, կան նաև վավերացված միջազգային պայմանագրեր, սակայն դրանք շատ ցրիվ են և ի մի բերելու, կարգավորելու, բարեփոխելու անհրաժեշտություն կա: Գործող օրենքները նույնսիկ չեն սահմանում, թե ինչ է խտրականությունը»:

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել