21:22- Արցախի Հանրապետության Պարետի որոշմամբ` ԱՀ քաղաքացի բեռնափոխադրողից և նրա 1 ուղեկցողից հանված է ինքնամեկուսացման պահանջը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
20:40- «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին ժամը 19:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,050,082,851.10 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3893։ [ՀՀ ֆինանսների նախարարություն]
20:15- Մինչեւ մայիսի 27-ը մտահոգվելու առիթ չեն ունենա ՀՀ նպաստառու եւ կենսաթոշակառու այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժակետը լրացել է սույն թվականի փետրվար ամսից հետո:
Այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժամկետը լրացել է կամ կլրանա արտակարգ դրության ժամանակահատվածում, կշարունակեն անխափան ստանալ նույն այն գումարը, որը մինչեւ այդ ստացել են: Նրանք առայժմ ստիպված չեն լինի փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնել՝ դրանք հասցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ մոտակա տարածքային բաժին: [Նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |Armtimes.com|
19:16- 2 նոր նախապայման է ավելացվել։ Առաջինը՝ գործատուն պետք է ապահովի իր աշխատողների տեղաշարժը՝ մեքենաներով կամ որեւէ տրանսպորտային միջոցով։ Երկրորդը՝ աշխատանքի ժամին աշխատողները չպետք է դուրս գան այդ տարածքից։ Սրանք շատ կարեւոր կանոններ են: [Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան] |Armtimes.com|
19:00- Մենք կորոնավիրուսին պիտի պատրաստ լինենք առնվազն մինչև մյուս գարուն, հետոն արդեն ցույց կտա՝ կախված, թե աշուն-ձմեռ-գարուն սեզոնն ինչպես կանցնի՝ նաև հույս ունենալով, որ մարդկային գիտական միտքը կա՛մ կգտնի թիրախային դեղամիջոց, ինչն էլի շատ բարդ պրոցես է, և ոչ ոք չի կարող ասել, թե երբ տեղի կունենա կամ տեղի կունենա՞ արդյոք, կա՛մ կստեղծվի պատվաստանյութ, որին բոլորս սպասում ենք։ Եթե դա տեղի ունենա, կարելի է ժամկետների մասին ավելի հեշտ խոսել։ [Արսեն Թորոսյան]
18:42- Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։
Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ ԱՆ համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]
18:40- Մենք մահվան բոլոր դեպքերն արձանագրում ենք, որպեսզի վերջում ամփոփ ներկայացնենք, թե զուտ բժշկական տեսանկյունից այս մահերից քանիսն էին, որ ուղիղ կորոնավիրուսային վարակով էին պայմանավորված, և որոնք էին, որ պարզապես կորոնավիրուսային հիվանդությունն առկա էր այդ մարդու մոտ, սակայն մահվան պատճառն այլ էր։ [Արսեն Թորոսյան]
18:08- Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։
87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։
Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։ [Գնել Սանոսյան]
17։42- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, վարակը հաստատվել է: Քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլ 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում: Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: [Արցախի տեղեկատվական շտաբ]
17։05- Փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին՝ տեղեկացնելով, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով քրեկատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալը չի կարողանում ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Դատապարտյալին դեղորայքը փոխանցում են ազգականները, իսկ սահմանափակումների պատճառով ներկայում չի թույլատրվում դատապարտյալի ազգականին տեղաշարժվել: ՄԻՊ-ի և Պարետատան համագործակցության արդյունքում տրվել են անհրաժեշտ ցուցումներ դատապարտյալին դեղորայքով ապահովող քաղաքացու հետագա տեղաշարժը թույլատրելու համար:
16։30- Հայաստանի բանկերը եւ վարկային կազմակերպությունները այս պահի դրությամբ վարկային արձակուրդ են տվել 430 հազար ֆիզիկական անձանց՝ 20.3 միլիարդ դրամի չափով, եւ 12 հազար 400 իրավաբանական անձանց՝ 41.5 միլիարդ դրամի չափով։ [Նիկոլ Փաշինյան]
16։04- Կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական ։ Կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից: [Արցախի տեղեկատվական շտաբ]
14:51- ԱԻՆ աշխատակիցները ապրիլի 22-ին իրականացրել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի, պոլիկլինիկայի, շտապօգնության 6 մեքենաների, ինչպես նաև կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացու առանձնատան վարակազերծման աշխատանքներ։
13։39- Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ շուրջ երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվող Ասկերանի շրջանի արտադրամասի աշխատակիցներն այսօր դուրս կգան ինքնամեկուսացումից: ՀՀ այն քաղաքացին (բեռնափոխադրող), որը շփվել էր նրանց հետ, թեստավորվել է, և նրա մոտ վարակը չի հաստատվել: [Արցախի տեղեկատվական շտաբ]
11։16- «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար: Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից: [ՊԵԿ]
11։04- Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով` մոտ 230 հոգի, արհեստական օդափոխությանը միացված` 5 հոգի: Նրանցից մեկն է, որ բավական երիտասարդ է՝ 27 տարեկան, ունի խրոնիկ բնածին ծանր հիվանդություն, բժիշկներն ամեն ինչ անում են, որ իրավիճակը կայունացնեն, կարծես թե հույսեր կան, որ կկարողանան կյանքը փրկել։ [Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի ժամանակ]
10։59- Թարմացվել է 23.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1523
Նոր դեպքեր- 50
Առողջացածներ - 659
Նոր առողջացածներ- 26
Փաստացի բուժվողներ - 840
Ընդհանուր թեստեր - 15960
Մահվան ելքեր - 24
Մահվան նոր դեպքեր չկան [ԱՆ]
09։30- ՀՀ պարետի նոր որոշմամբ՝ հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը, և վերացվում են անցակետերը: Փոխարենը ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
09։01- Այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ դա կանենք` մնալով տանը: [ԿԳՄՄՍ նախարար Արայիկ Հարությունյան]
comment.count (0)