Հայաստանի Հանրապետությունում մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ զբաղվել քաղաքականությա՞մբ, թե՞ լինել գործարար. Թագուհի Ղազարյան
16:29 - 29 ապրիլի, 2019

Հայաստանի Հանրապետությունում մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ զբաղվել քաղաքականությա՞մբ, թե՞ լինել գործարար. Թագուհի Ղազարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Այս հարցի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։

 

—Տիկի՛ն Ղազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը․ ինչպես եք Դու՛ք վերաբերվում այս քայլին:

-Ողջունում եմ «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնությունը: Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ խոսելու մեր պետության մի շարք ինստիտուտների կայացման, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների մասին: Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելը նաև մեր քաղաքական ուժի առաքելությունն է, և դա է վկայում այն փաստը, որ այսօր կառավարող ուժի քաղաքական գործիչների մեջ չեք կարող գտնել մեկին, ով զբաղվում է բիզնեսով: Հստակ է, սակայն, նաև այն, որ պարոն Ծառուկյանն իր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչը հիմք է հանդիսացել ընդունելու նրա թեկնածությունը՝ որպես պատգամավորի թեկնածու: Եվ այնուամենայնիվ, ինչպես իրավացիորեն նշել են հայտարարությունը տարածողները, պարոն Ծառուկյանի հայտարարությունների մեջ կան խնդրահարույց պնդումներ, որոնցից կարելի է ենթադրել, որ նա շարունակում է զբաղվել քաղաքականությամբ և միևնույն ժամանակ միջամտել հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներին: Սա իսկապես խնդրահարույց իրավիճակ է, և մենք բոլորս՝ իբրև քաղաքական գործիչներ, իբրև քաղաքացիներ, իբրև հանրություն, պետք է բաց և ազնիվ խոսակցություն ունենանք այս հարցերի շուրջ: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ զբաղվել քաղաքականությա՞մբ, թե՞ լինել գործարար: Այսօր Հայաստանում գործարարների համար բոլոր երաշխիքներն ստեղծված են, որպեսզի առանց քաղաքական լծակների գործարարները կարողանան զբաղվել իրենց աշխատանքով: Եվ սակայն, մենք բարդ իրադրության առաջ ենք կանգնած, քանի որ իրավական առումով պարոն Ծառուկյանը հնարավորություն է ունեցել դառնալ պատգամավորի թեկնածու, այնուհետև ընտրված, առաջնային մանդատով օժտված պատգամավոր: Այս առումով, կարծում եմ, պարոն Ծառուկյանը և ԲՀԿ խմբակցությունը շատ բաներ ունեն պարզաբանելու հանրությանը՝ կապված իրենց հայտարարությունների հետ: Խնդիրն այս պահին երկու հարթություններում է՝ իրավական և քաղաքական: Հարցին իրավական լուծում տալու համար համանման դիմում է ուղարկվել նաև դատախազություն, և այս պահին մեզ համար ևս շատ կարևոր է լսել դատախազության իրավական գնահատականը, որով էլ պայմանավորված կլինեն մեր հետագա գործողությունները:


-ԲՀԿ կուսակցությունից պնդում են, որ Ծառուկյանը ձեռներեց չէ, այլ՝ սեփականատեր և հղում են անում վարչապետին։ Հայտարարվեց նաև, որ դիմումատուները անտեսել են վարչապետի գնահատականը։ Համաձա՞յն եք այս կարծիքին։

Ես խորհուրդ չէի տա մեր ընդդիմադիր գործընկերներին մեր խմբակցության հետ խոսել՝ հղում անելով վարչապետի մեկ այլ իրավիճակում, այլ պայմաններում ասված խոսքերին: Այնքանով, որքանով, այո՛, որևէ մեկը Հայաստանում չի կարող իշխանական լծակներ օգտագործել ի շահ իր բիզնեսի, վարչապետն իրավացի է, և դրա վառ վկայությունն է նաև հենց այն հարցի քվեարկությունը, որին դուք հղում եք անում: Դա է վկայում նաև ԿԸՀ-ի կողմից այդ քաղաքացիների դիմումների ընդունումն՝ իբրև պատգամավորության թեկնածու, և, բնականաբար, վարչապետը չէր կարող կանխատեսել, որ այդ պատգամավորները գալու և ազգային ժողովի ամբիոնից հայտարարելու են, որ իրենք ինչ-որ ապրանքի գին են իջեցնում, աշխատավարձ են բարձրացնում և այլն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ կերպ չի արգելում խոշոր սեփականատերերին հանձնել իրենց բիզնեսները հավատարմագրային կառավարման և զբաղվել քաղաքականությամբ, ինչն էլ արվել է ժամանակին: Դրա վրա հիմնվելով էլ վարչապետը ժամանակին արել է այդ հայտարարությունը: Կարծում եմ՝ այստեղ ավելի շատ քաղաքական էթիկայի, բարեվարքության հարց կա, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքը հստակ սահմանում է շահերի բախումը, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ պատգամավորները իրավունք ունեն հանդես գալ շահերի բախման մասին հայտարարությամբ և հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Եթե մեր գործընկերներն առաջնորդվեին օրենքի տառին և ոգուն համապատասխան, այսօր այսպիսի իրավիճակ չէր լինի: Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ այս պահին հարցն ամբողջությամբ իրավապահ մարմինների տիրույթում է, և իմ հնչեցրած մտքերը ոչ թե իրավական գնահատականների, այլ քաղաքական սկզբունքների մասին են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել