aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ:
Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է:
«Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը:
Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար:
Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)