Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում. նրանցից մի քանիսը 100-ն անց են |armenpress.am|
06:58 - 09 մայիսի, 2019

Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում. նրանցից մի քանիսը 100-ն անց են |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ Հայրենական մեծ պատերազմի 363 մասնակից է ապրում: Ասաց ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նա նշեց, որ 5-6 վետերան արդեն հարյուրն անց են: Վետերանների թվով առաջին տեղում Շիրակի մարզն է:

Հայրենական մեծ պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն տղամարդիկ, այլև իգական սեռի ներկայացուցիչները: «Հայրենական պատերազմին մասնակցել է 10 հազար հայ կին, որից 4000-ը Հայաստանից, մնացածը մյուս 15 հանրապետություններից, արտասահմանից և, իհարկե, Արցախից: 41 կին վետերան ողջ է»,-հավելեց նա:

Խոսելով Հայաստանում վետերանների առջև ծառացած խնդիրներից՝ Եսայանը նշեց, որ իր համար ամենացավոտը արդեն երկու տարի վետերաններին Արզնիում հանգստի ուղեգրեր չտրամադրելն է:

«Ամեն տարի 50 ուղեգիր էին տրամադրում: Անցյալ տարի ես ուզել եմ ընդամենը 30-ը, ինչին ի պատասխան սոցիալական ապահովության ծառայությունից պատասխանել են, որ գումար չլինելու պատճառով չեն կարող տրամադրել այդ ուղեգրերը: 30 վետերանները, ովքեր դիմել էին հանգստանալու ակնկալիքով, այդպես էլ մնացին առանց ուղեգրի: Մեր վետերանները Արզնիում միայն հանգստանում են, նրանց ոչ մի բուժում պետք չէ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ևս դիմել է 30 ուղեգրի համար, սակայն գործընթացը փաստաթղթերի պատճառով ձգձգվում է:

Վետերաններին հուզող հաջորդ խնդիրը, ըստ Եսայանի, բուժսպասարկումն է: «Վետերանների 60 տոկոսն անկողնային են, և նրանց պետք է անընդհատ բուժսպասարկում: Սա դժգոհություն է առաջ բերում, վետերաններն ասում են, որ գումար են ուզում բուժման համար, նույնիսկ դիահերձման համար են գումար պահանջում, նման հարցեր կան, որոնք մեզ անհանգստացնում են»,-հավելեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել