Հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել, Վայոց Ձորը չունի մարզպետ․ բնակիչները բողոքում են |24news.am|
12:03 - 23 հուլիսի, 2019

Հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել, Վայոց Ձորը չունի մարզպետ․ բնակիչները բողոքում են |24news.am|

24news.am: Վայոց Ձորի մարզի մի քանի բնակիչներ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսեցին մարզում շարունակվող ապօրինությունների, մարզպետի անգործության և ՀՀԿ-ի հետ նրա սերտաճելու մասին։

«Եթե հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվում, ապա հեղափոխությունը կիմաստազրկվի: Խնդիրը նրանում է, որ ժողովուրդն ունի դժգոհություններ, լուծումներ չի ստանում, այստեղ մարդկանց խնդիրը համակարգային է»,-ասաց իրավապաշտպան Արտակ Գալստյանը՝ վստահեցնելով, որ իրենք ոչ մեկի պատվերը չեն կատարում, այլ միայն ժողովրդի:

Վայոց Ձորի գործարար-ֆերմեր Տիգրան Եղոյանն իր հերթին նշեց․ «Ամենամեծ քրեաօլիգարխիան գտնվում է Վայոց Ձորում, ամենամեծ վարկառուները մեր մարզի բնակիչերն են, և վերջապես մարդիկ բարձրացրին այդ խնդիրները: Մինչև մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ մարզում հայտնվելը մարզի բնակիչները նախկին իշխանության ժամանակ արդեն ցույց են տվել իրենց հեղափոխական լինելը»,-ասաց նա և նկատեց, որ
ներկայիս մարզպետն այսօր տեղում չէ, կոռուպցիոն սխեման ավելի մեծ թափով է գործում, կասկածելի կադրային քաղաքականություն է վարում․

«Բնակիչը զրկված է ջրից, եթե նախկինում խոսում էինք քաղաքական թալանչիներից, որոնք գյուղացի բնակիչներից ջուրն են գողանում և ուղարկում թշնամի պետություն, հիմա նույն մարդիկ նույն կերպ գողանում են: Հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել և դրա պատճառը մարզպետի անգործությունն է:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վայոց Ձորը չունի մարզպետ»,-ասաց նա՝ նկատելով, որ հեղափոխությունը «շնչահեղձ» են արել մարզում:

Արենի խոշորացված համայնքի անդամ Անուշավան Ավետիսյանն էլ նշեց, որ ավագանին թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունների օրոք դիտվում է որպես ընդդիմություն մարզային իշխանություններին: «Եթե որևէ հարց ես բարձրացնում պիտակավորում են գործ տվողի անվան տակ:

Մեր բարձրացրած խնդիրներով քրեական գործերը մեժվում են»,- ասաց նա՝  վստահեցնելով, որ ինֆորմացիա ունի, որը կտրամադրի միայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ մյուսներին չի վստահում և մտահոգված է, որ փաստաթղթերը կարող են ոչնչացվել: Նրա գնահատմամբ՝ ժողովուրդն օրեցօր հիասթափություն է ապրում հեղափոխությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել