Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ
 |armtimes.com|
21:18 - 02 ապրիլի, 2020

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժողն առերեսվել է երկու մեղադրյալների հետ |armtimes.com|

armtimes.com: Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մարտ ամսին առերեսումներ են եղել:

Գործով տուժող ճանաչված Արմեն Մարտիրոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ իր վստահորդը առերեսվել է գործով երկու մեղադրյալների՝ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի եւ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ներկայիս պետ հետ (վերջինիս լիազորությունները կասեցված են):

Հիշեցնենք՝ 2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութը, որում երեւում էր, թե ինչպես են երեք հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Տեսանյութի հրապարակմանն արձագանքեց նաեւ ոստիկանությունը՝ հայտնելով, որ դրա հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երեւացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ: Տեղեկությունները փոխանցվեցին ՀՔԾ-ին, ինչից հետո մեղադրանք առաջադրվեց նախ Ճամբարակի պետ Ն. Ս.-ին, ապա՝ Արաբկիրի հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վ. Ն.-ին: Նախաքննության ընթացքում պարզվեց ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որն էլ գործով ճանաչվեց տուժող։

Արա Ղարագյոզյանի խոսքով՝ առերեսումների ժամանակ տուժող քաղաքացին պնդել է իր նախաքննական ցուցմունքը: Թե կոնկրետ ինչ է նա ասել, փաստաբանը չմանրամասնեց՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը, միայն նշեց, որ բուն առերեսումը հիմնականում հակագազով ցուցմունք կորզելու, բռնություն կիրառելու շուրջ է եղել: Հարցին՝ մեղադրյալները տուժողին ճանաչե՞լ են, փաստաբանը դարձյալ չպատասխանեց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Առերեսման ավարտից հետո փաստաբանը միջնորդություն է ներկայացրել տուժողի նկատմամբ հոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ. «Ֆիզիկական վնասից բացի նաեւ հոգեբանական վնաս, տառապանք է ստացել, այդ պատճառով նման միջնորդություն եմ ներկայացրել, որի հիման վրա քննիչը հարցաքննություն է նշանակել»: Տուժողին հարցաքննելուց հետո միայն պիտի որոշվեր՝ փորձաքննություն նշանակվելու է, թե ոչ, հարցաքննությունը, սակայն, հետաձգվել է՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի երկու անձ, մինչդեռ տեսանյութում երկուսից ավելի անձ է երեւում՝ Արա Ղարագյոզյանը նշեց, որ բազմաթիվ անգամներ ասել են, որ պայքարելու են, որպեսզի մինչեւ վերջին անձը բացահայտվի. «Այս պահին մենք՝ որպես տուժող կողմ, որեւէ տեղեկություն չունենք, թե ինչ գործողություններ են կատարվում այդ անձանց բացահայտելու համար, սակայն մինչեւ վերջ պայքարելու ենք, լինելու ենք հետեւողական, որ բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն,  թեկուզ այս երկուսի մասն անջատվի, դատարան ուղարկվի, մնացած մասով քննություն իրականացվի»: Տուժող ճանաչված քաղաքացին այժմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է: Մեկ այլ՝ թմրանյութերի հետ կապված գործով նա դատապարտվել է ազատազրկման, եւ փաստաբանի փոխանցմամբ՝ պատիժը կրելուն դեռ մոտ 12 տարի ժամանակ կա:

Ավելին կարդացեք Armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել