Մեծ Այրում գյուղում տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Հարություն Դանիելյանի ընտանիքի |hetq.am|
11:10 - 26 փետրվարի, 2020

Մեծ Այրում գյուղում տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ՝ ի պաշտպանություն Հարություն Դանիելյանի ընտանիքի |hetq.am|

hetq.am: Երեկ՝ հունվարի 25-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները hանրային պահանջի արշավ էին կազմակերպել։ 

«Ախթալայի ԼՀԿ»-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից 50 մետր հեռավորության վրա գտնվող իր տունը Մեծ Այրումի բնակիչ Հարություն Դանիելյանը գնել է 2007թ.-ին: Ասում է` այդ ժամանակ չի իմացել պոչամբարի վտանգների մասին: Տունը գնելուց հետո «Ախթալայի ԼՀԿ»-ն վերաշահագործել է պոչամբարը: Հարություն Դանիելյանն ասում է, որ պոչամբարի պատճառով իր ընտանիքի անդամները հիվանդություններ են ձեռք բերել: Այժմ Հարությունը տանն ապրում է կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ: Հարություն Դանիելյանը փոխհատուցում է պահանջում իր ընտանիքի բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանա պոչամբարից հեռու վայրում գնել նոր տուն և ընտանիքով տեղափոխվել։ Պահանջում է նաև պետության կողմից անցկացնել իր ընտանիքի անդամների առողջության գնահատում, խորքային բուժզննում և լուրջ հիվանդություններ հայտնաբերվելու պարագայում փոխհատուցում՝ իր ընտանիքի անդամների առողջությանը պատճառած վնասի համար:

Մեծ Այրումի բնակիչ Հարություն Դանիելյանի երեք երեխաներից տանը հանդիպեցինք երկուսին՝ Սյոմային և Լիլիթին: 

«Տղաս՝ Սյոման, 2013թ. հիվանդացել է աղիքային հիվանդությամբ, հետո ամբողջ բերանը՝ մինչև լեզվի խորքը տարածվեց սնկային հիվանդություն: Սյոմային աչքերն էլ են ցավում: Երեխաներս նաև ալերգիա ունեն»,- պատմեց  Հարությունը: Սյոման և Լիլիթը գունատ և նիհար տեսք ունեն:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ասելով՝ «Նահատակ» պոչամբարից 50 մետր հեռավորության վրա ապրող Հ. Դանիելյանի ընտանիքի  բնակարանի անհարմարության և ընտանիքի անդամների առողջական վիճակի մասին դեռ 2013թ. ահազանգել են լրատվամիջոցները: Ընտանիքին այցելել են նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, սակայն Դանիելյաններին որևէ գործնական լուծում չի առաջարկվել: Ընտանիքի բողոքները հաստատվել են Չեխիայի ազգային քիմիատեխնիկական ինստիտուտի հետազոտություններով: Այստեղ ապացուցվել է, որ տարածաշրջանի առանձին համայնքերում բարձր է ծանր մետաղների, այդ թվում՝ մկնդեղի, կադմիումի, պղնձի, իսկ մարդկանց մազերի մեջ նաև նիկելի պարունակությունը: Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում նաև Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տվել կոնցերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր:

Հարություն Դանիելյանի խոսքով՝ իր ընտանիքը «Նահատակ» պոչամբարից վնասվել է 100 տոկոսով: Ասում է դրա մասին այլևս խոսք չկա: Պատմեց, որ լեռնահարստացման կոմբինատից 15-20 օր առաջ իրեն առաջարկություն է արվել, խոստացել են բնակարանի և հիվանդանոցի ծախսեր, ինքը պետք է մտածի և իրեն հարմար առաջարկություններն ընդունի: 

«Ասում են՝ երեխաներին կարող եմ տանել հիվանդանոց: Մարդիկ առաջարկել են, մենք էլ չենք հրաժարվում այդ առաջարկությունից: Շնորհակալ եմ ԼՀԿ-ին, որ ձայնս լսել են: Ես հիմա իմ տունը կթողնեմ ու կհեռանամ» ,- հայտնեց  Հարությունը: Օլեգ Դուլգարյանը հայտարարեց, որ նոր բնակարանի գնման տարբերակը Հարություն Դանիելյանի համար ընդունելի է: Մնում է առողջության պատճառված վնասը, դրա համար պատասխանատու է պետությունը: 

«Հասարակությունը հակված է պաշտպանելու մարդկանց շահերը՝ այդ թվում նաև դատարանում»,- հայտարարեց Օ. Դուլգարյանը:

Գրիշա Գրիգորյանը հանդես եկավ համագյուղացի Հարություն Դանիելյանի ընտանիքի պաշտպանությամբ. «Կարող է Հարությունի երեխան տանից դուրս  գա և ընկնի պոչամբարի մեջ։ Մեզ խոստացել էին պոչամբարը փակել 2019թ. փետրվարին, բայց խաբեցին մեզ, հիմա էլ ասում են երկու տարի հետո են փակելու»,- ասաց Գ. Գրիգորյանը:

Վերջինս հայտարարեց, որ պոչամբարը այսպես շահագործելու դեպքում, այրումցիները փակելու են միջպետական ճանապարհը: Հանրային պահանջի արշավին ներկա Հայկական բնապահպանական ճակատի ղեկավար Լևոն Գալստյանի խոսքով՝ Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շրջակա միջավայրի և համայնքերի բնակչության վիճակը ցույց են տալիս նախորդ կառավարությունների և հանք շահագործողների վերաբերմունքը բնության և քաղաքացիների նկատմամբ: Լ. Գալստյանը նշեց տարածաշրջանում ավելի մեծ՝ Թեղուտի պոչամբարի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի և վերջինիս մկնդեղի պահեստի հնարավոր վտանգները: 

«Այս ամբողջ աղտոտիչները տարածվում են ոչ միայն հողերի միջոցով, այլ Դեբեդի ջուրը աղտոտելու հետևանքով, որը ոռոգման նպատակով օգտագործվում է այստեղ 4 համայնքերում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում 15 համայնքներում»,- բացատրեց բնապահպանը: Լևոն Գալստյանի խոսքով՝ բոլոր գիտական ուսումնասիրություններն այս տարածաշրջանում ապացուցել են, որ այստեղ բոլոր գյուղմթերքները ծանր մետաղներով տարբեր աստիճանի աղտոտվածություններ ունեն: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել