Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք։

Ծառայությունը նշում է, որ հունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի»-ում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, այցելել են այդ հանրային սննդի օբեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից:

Ըստ ՍԱՊԾ-ի սննդի մնացորդներ չեն հայտնաբերվել, առկա թերությունները վերացնելու բանավոր հանձնարարական է տրվել: Նաև հրաման է տրվել դիտարկում անցկացնել «Էմ Բի Ջի Գրում» ընկերությունում («Ծիրանի» ռեստորան)։

«Վերահսկողության արդյունքներով թեև ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք, որն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են: Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ», - ասված է հաղորդագրությունում: