armtimes.com:  ՀՀ Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը չունի մասնագետներ: Կենտրոնի պետ Անուշիկ Մնացականյանին դեռեւս 2019 թվականի փետրվարի 22-ից մեղադրանք է առաջադրվել կաշառք պահանջելու եւ վերցնելու համար: Սույն գործում ներգրավված է ծառայութան եւս 5 աշխատակից: 6-ի գործունեությունն էլ փետրվարից կասեցված է, սակայն փաստաթղթային ձեւակերպումներով 6-ն էլ մինչ այս պահը համարվում են կենտրոնի աշխատակիցներ: Նրանց փոխարեն այլ մասնագետներ ներգրավելու հնարավորություն քաղծառայության մասին օրենքը թույլ չի տալիս:

«Քաղծառայության օրենքի համաձայն էդ հաստիքները շարունակում են մնալ էդ մարդկանց անունով, քանի դեռ դատարանի վճիռ չկա: Այսինքն, մենք էսօր ունենք ԱԱԾ-ից կասեցման խնդրանքի նամակներ, 6 հոգու գործունեություն կասեցված է, եւ Շիրակի մարզը կանգնել է լուրջ խնդրի առաջ, որովհետեւ 6 հոգու գործունեությունը կասեցնելուց հետո մենք ունենք 5 մասնագետ, մեկն անասնաբույժ, մեկը սննդի մասնագետ, 3-ը բուսասանիտարիայի մասնագետներ են: Մենք ստիպված ենք եղել գործուղել Արմավիրի տեսչության մարզային կենտրոնի ղեկավարին, որ ժամանակավորապես այստեղ իրականացնի ղեկավարի պարտականությունները, Երեւանից ենք տեսուչներ ու սննդի անվտանգության մասնագետներ ուղարկել, Արագածոտնից անասնաբույժ ենք ուղարկել, որ էդ բարձիթողի վիճակը հանենք փոսից, մինչեւ տեսնենք ինչ կստացվի»,-Գյումրի կատարած շրջայցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:


Հիշեցնենք, որ ՍԱՊԾ Շիրակիմարզային կենտրոնի պետ Անուշիկ Մնացականյանը ծառայության շահերն հակառակ օգտագործելով, մարզում գործող մի շարք ձեռնարկատերերի օգտին դրսևորելով ակնհայտ ապօրինի անգործություն, չի արձանագրել սննդամթերքի պահպանման, տեղափոխման և վաճառքի գործընթացում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքերը, չի կայացրել խախտումներ իրականացրած տնտեսվարողների գործունեության կասեցման կամ արգելքի որոշումներ, մի շարք ընկերություններում չի իրականացրել ստուգումներ, ինչի դիմաց անձամբ կամ նույն կենտրոնի աշխատակիցների միջոցով 2018թ. հուլիսից մինչև 2019թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար պահանջել և ստացել է 30-ից 120 հազարական ՀՀ դրամ կաշառք գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 1 անձի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: