ՍԱՊԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու մեջ. գործը դատարանում է |pastinfo.am|
07:32 - 16 օգոստոսի, 2019

ՍԱՊԾ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու, չարաշահումներ կատարելու մեջ. գործը դատարանում է |pastinfo.am|

pastinfo.am։ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ օգտոստոսի 14-ին գործը մուտք է եղել դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 4 անձ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովհաննե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, Սամվել Աֆրիկյանի կողմից մանր եղջերավոր անասունների արտահանմամբ զբաղվող «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես «շնորհակալություն» 2019թ. ապրիլի 22-ին իր աշխատասենյակում Սամվել Աֆրիկյանից ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Հովհաննես Մկրտչյանը, կրկին ծառայողական նույն պարտականությունների առնչությամբ, ծառայողական գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին Սամվել Աֆրիկյանից իր աշխատասենյակում ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը։
Սամվել Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, վարձատրության դիմաց զբաղվելով «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊ ընկերության համար գառներ ձեռք բերելու և արտահանման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունից համապատասխան փաստաթղթավորումները կազմակերպելու գործընթացով, աշխատանքի բերումով մոտ 8 տարի առաջ ծանոթանալով և վստահելի ու մտերիմ հարաբերություններ ձևավորելով նույն տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես «շնորհակալություն» 2019թ. ապրիլի 22-ին Հ.Մկրտչյանին` վերջինիս աշխատասենյակում տվել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Սամվել Աֆրիկյանը, կրկին նույն գործողության համար, Հովհաննես Մկրտչյանի կողմից իր նկատմամբ ցուցաբերած ծառայության գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին վերջինիս` նույն աշխատասենյակում տվել է 150.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից: Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 312-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձին կաշառք տալը

Գևուշ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Արագածոտնի մարզային կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական և իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսն արտահանվել են տարբեր խմբաքանակներով գառներ, որով խաթարվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ բնականոն գործունեությունը և հեղինակազրկվել այն` այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Նազարյանին մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել