armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակային գործունեության դաշտն ընդլայնելու օրենքի նախագիծը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Առաջարկում եմ, որ e-draft.am հարթակում հրապարակվեն և հանրային քննարկման արժանանան նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Տեխնիկապես դա տեղի է ունենալու հետևյալ կերպ՝ ՏԻՄ-երն իրենց համացանցային պաշտոնական կայքում կհրապարակեն իրենց որոշումների նախագծերը, և դա կարտացոլվի e-draft.am հարթակում:

Օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել նաև ՏԻՄ-երի համացանցային պաշտոնական կայքերում ընդլայնվող տեղեկությունների տեսակները: Նախատեսվում է նաև, որ համայնքի ավագանու նիստերը ուղիղ եթերով կհեռարձակվեն համայնքի պաշտոնական կայք էջում, եթե համայնքն ունի 3000 և ավելի բնակիչ»,- նշել է Նազարյանը: