ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում և մեր հայրենակիցներից մեկի աջակցությամբ Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգ կկառուցվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը։

«Տավուշի մարզի սահմանամերձ Ակնաղբյուր համայնքի սիրելի բնակիչներ,
Ակնաղբյուր համայնքը ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություններ, համաձայն որոնց՝ Ակնաղբյուր համայնքի 17,1 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքի ոռոգման համակարգի հիմնակառուցման համար կազմվել է նախագծա-նախահաշվարկային ծրագիր։

Ըստ այդմ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմել էր 51 517 100 ՀՀ դրամ։ ՄԱԶԾ-ի կողմից արդեն կատարվել էր ներդրում 80%-ի չափով, գումարային տեսքով՝ 41 213 680 ՀՀ դրամ։ Համաձայն ներդրումային ծրագրերի՝ համայնքը պարտավոր էր գումարի 20%-ի չափով՝ տվյալ դեպքում 10 303 420 դրամով, մասնակցություն ցուցաբերել նշյալ ծրագրին, որպեսզի այն իրականանար։ Սակայն, Ակնաղբյուրի համայնքապետարանը չուներ նման ֆինանսական միջոցներ:

Ուրախ եմ ձեզ հայտնել, որ արտերկրում բնակվող մեր հայրենակից գործարարը չի մերժել իմ կողմից փոխանցված ձեր խնդրանքը եւ համայնքին տրամադրել է այդ գումարը, հետեւաբար, այդ ծրագիրը մի քանի ամիսների ընթացքում կյանքի կկոչվի: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ից եւ մեր հայրենակցից՝ այս շատ կարեւոր ծրագրի իրականացման համար»,- գրել է Փաշինյանը։