Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Մեծ նշանակություն տալով հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը: Փոխվարչապետը նաև նշել է, որ այս տարի տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստը լուրջ քայլ էր երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: 

Դեսպան Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և մասնակցությանը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նա հավելել է, որ ԱՄՆ աջակցության այս տարվա 40% ավելացմամբ իրենք պատրաստ են օգնել այն ծրագրերի իրականացմանը, որոնք բխում են բարեփոխումների մասով Հայաստանի կառավարության սահմանած առաջնահերթություններից: Հանդիպման ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցները քննարկել են նաև հանրային կառավարման բարեփոխումների, բարձր տեխնոլոգիաների, արդարադատության ոլորտներին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադառնալով թվայնացման գործընթացներին՝ փոխվարչապետը նշել է, որ մոտ երեք տարվա ընթացքում նախատեսվում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ճնշող մեծամասնությունը թվայնացնել: