Քննչական կոմիտեն սխալ մարդու է մեղադրանք առաջադրել. Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյան |pastinfo.am|
12:16 - 28 հոկտեմբերի, 2019

Քննչական կոմիտեն սխալ մարդու է մեղադրանք առաջադրել. Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյան |pastinfo.am|

pastinfo.am: Քննչական կոմիտեն սխալ մարդու է մեղադրանք առաջադրել։ Ես 2015 թվականին քաղաքապետ չեմ եղել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին։ Հարցին՝ նշանակում է դա, որ մեղադրանքը նախկին քաղաքապետին պետք է առաջադրվեր՝ Կարեն Եղիազարյանն ասաց. «Այո, մեղադրանքը նախկին համայնքապետին պետք է առաջադրվեր։ Մի քանի օրվա մեջ կփորձենք ամփոփել և ավելի հստակ կլինի մնացածը»,-ասաց Կարեն Եղիազարյանը։

Ի դեպ, Ապարանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործող քաղաքապետին մեղադրանք առաջադրելու պատճառը Արագածոտնի մարզպետի հետ լարված հարաբերություններն են։ Հարցին՝ ինչպես են իր և Արագածոտնի մարզպետի հարաբերությունները, քաղաքապետն արձագանքեց. «Շատ լավ։ Մարզպետն իմ ընկերն է, ինչի մասին է խոսքը։ Չկա նման բան, որ ասում են իմ ու նրա հարաբերությունները լավ չեն»,-ասաց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հաճախ են հանդիպում և համայնքի վերաբերյալ հարցեր քննարկում։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ապարանի գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով սահմանված կարգով, դրա հետևանքների վերացումը ապահովելու լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ. 2017 թվականին Ապարան քաղաքի բնակչին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն բնակելի կառուցապատման հողամասերում առանց թույլտվության ինքնակամ կառուցել շինություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Կարեն Եղիազարյանը «Գնթունիք» ընկերության հիմնադիրն է, որը Ապարանի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում. 18 105 ընտրողներից նրա օգտին քվեարկել էր 10 868 ընտրող:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել