Բացատրական․ ինչպե՞ս գրվեց համայնքային պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ հոդվածը
21:17 - 06 օգոստոսի, 2024

Բացատրական․ ինչպե՞ս գրվեց համայնքային պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ հոդվածը

Օգոստոսի 6-ին «Ինֆոքոմը» հրապարակեց «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնազն 1 հայտարարագիր» հոդվածը, որում պատմում էինք համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման բարձր ցուցանիշների մասին, ինչպես նաև ներկայացնում էինք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով, և թե ինչպես է այս ամենին արձագանքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Այս նյութում կպատմենք, թե ինչպես ենք իրականացրել այդ հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումը և մշակումը, ինչ աղբյուրներից ենք օգտվել, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա, և հավանական ինչ շեղումներ կարող են լինել։

 

Տվյալների աղբյուրներ

  • ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկագրեր
  • ՀՀ 69 համայնքների համայնքային պաշտոնական կայքեր
  • ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք
  • ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստր
  • ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջ
  • Տեղեկության ստացման գրավոր և բանավոր հարցումների պատասխաններ, մեկնաբանություններ

 

Տվյալների հավաքագրում

Հոդվածում ուսումնասիրվել  են միայն համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։

Մարզային համայնքների հայտարարատու պաշտոնատար անձինք են համայնքների ղեկավարները, նրանց տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարները, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամները։

Վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը» վիճակագրական տեղեկագրից դուրս ենք բերել Հայաստանի բոլոր մարզային համայնքների մշտական բնակչության թվաքանակը։

Կազմել ենք 15 000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 39 մարզային համայնքների ցանկը, և դրանց պաշտոնական կայքերից դուրս ենք բերել ավագանու գործող կազմում պաշտոնավարող/պաշտոնավարած անդամների անունները, պաշտոնավարումը դադարեցրած լինելու դեպքում՝ լիազորությունների դադարեցան ժամկետները։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի «Ընտրություններ» բաժնից դուրս ենք բերել 15 000 և ավելի բնակչություն ունեցող 39 մարզային համայնքների վերջին համամասնական ընտրությունների արդյունքում ավագանի ընտրված, մանդատ ստացած ավագանու անդամների անունները, մանդատի ստացման ամսաթվերը, խմբակցությունները, կուսակցական պատկանելիությունը, պաշտոնավարումը դադարեցրած լինելու դեպքում՝ մանդատի դադարեցման ժամկետները։

Ավագանու՝ հայտարարագրման պարտավորություն ունեցող անդամների լիարժեք ցանկ ունենալու համար համադրել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և համայնքների կայքերից հավաքագրած տվյալները, ճշգրտել երկու ցանկերում առկա անհամապատասխանությունները։  

Ստուգելու համար՝ արդյո՞ք յուրաքանչյուր համայնքի համար դուրս բերված ավագանիների քանակը համապատասխանում է Ընտրական օրենսգրքով սահմանվածին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի «Ընտրություններ» բաժնից դուրս ենք բերել 15 000 և ավելի բնակչություն ունեցող 39 մարզային համայնքների համամասնական ընտրությունների ընտրողների թիվը, դրա հիման վրա հաշվարկել պահանջվող ավագանիների քանակը։

69 մարզային համայնքների պաշտոնական կայքերի «Համայնքապետարան» բաժնից դուրս ենք բերել այդ համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների անունները, պաշտոնի ստանձման ամսաթվերը։

Համայնքային պաշտոնյաների ցանկն ամբողջացնելուց հետո, հիմնվելով պաշտոնի ստանձման ամսաթվի, իսկ լիազորությունների դադարեցված լինելու դեպքում՝ նաև դադարեցման ամսաթվի վրա, յուրաքանչյուր պաշտոնյայի համար դուրս ենք բերել ներկայացման ենթակա հայտարարագրերի ցանկը։

Հասկանալու համար, թե մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները ինչպես են կատարել այդ հայտարարագրերի ներկայացման պարտավորությունները, ստուգել ենք յուրաքանչյուր հայտարարագրի ներկայացման փաստը։ Դրա համար․

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրից տվյալների ավտոմատացված հավաքագրման մեթոդով (web scraping) դուրս ենք բերել բոլոր մարզային համայնքների պաշտոնյաների ներկայացրած՝ 2021, 2022, 2023, 2024 թվականների տարեկան, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերի հղումները, դրանք ներկայացրած պաշտոնյաների անունները, համայնքները և պաշտոնները։
  • Դուրս բերված տվյալները համադրել ենք համայնքային պաշտոնյաների վերաբերյալ տվյալների մեր ձևավորած շտեմարանում առկա տվյալների հետ, ինչի արդյունքում արձանագրել ենք բոլոր այն դեպքերը, երբ համայնքային պաշտոնյան որևէ հայտարարագիր չի ներկայացրել։
  • Հայտարարագրերի չներկայացման արձանագրված դեպքերը լրացուցիչ ստուգել ենք ձեռքով։

Քանի որ անձը ստանձման հայտարարագիր չի ներկայացնում, եթե պաշտոնը ստանձնելուց առաջ նույն տարվա ընթացքում ազատվում է հայտարարագրման պարտավորություն ունեցող մեկ այլ պաշտոնից և դրա համար ներկայացնում դադարեցման հայտարարագիր, ապա ստանձման հայտարարագրեր չներկայացրած պաշտոնյաների դեպքում առանձին ստուգվել է՝ արդյո՞ք առկա է նախորդ պաշտոնի դադարեցման՝ ստանձնման տարվա ընթացքում ներկայացված հայտարարագիր։ Առկայության դեպքում տվյալ պաշտոնատար անձի համար ստանձնման հայտարարագրի ներկայացման պարտավորություն չենք հաշվարկել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջի «Որոշումներ» բաժնից տվյալների ավտոմատացված հավաքման գործիքակազմով (web scraping) դուրս ենք բերել Հանձնաժողովի կազմավորումից ի վեր կայացված բոլոր որոշումները, դրանցից առանձնացրել և վերլուծել ենք մարզային համայնքների պաշտոնյաներին վերաբերողները։

Հավաքագրված տվյալների վերլուծության արդյունքում դուրս ենք բերել բոլոր չներկայացված հայտարարագրերը, դրանք չներկայացրած պաշտոնատար անձանց անունները՝ ըստ տարիների, հայտարարագրերի տեսակի, համայնքների, խմբակցությունների, քաղաքական ուժերին պատկանելության և այլն։

Փորձել ենք կապ հաստատել հայտարարագրեր չներկայացրած բոլոր համայնքապետերի հետ՝ նրանց արձագանքելու հնարավորություն տալու համար։

Դուրս բերված տվյալների, ստացված մեկնաբանությունների հիման վրա գրվել է հոդվածի բովանդակությունը, և ստեղծվել են վիզուալները։

 

Մեթոդաբանական առանձնահատկություններ և շեղումներ

1․ Քանի որ անձը պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր չի ներկայացնում, եթե 1 ամսվա ընթացքում ստանձնում է հայտարարագրման պարտավորություն ունեցող մեկ այլ պաշտոն, ապա համայնքային պաշտոնյայի լիազորությունները դադարեցրած, բայց դադարեցման հայտարարագիր չներկայացրած անձանց դեպքում առանձին ստուգվել է՝ արդյո՞ք նրանք համայնքային պաշտոնի լիազորությունները դադարեցնելուց հետո զբաղեցրել են մեկ այլ հայտարարատու պաշտոն։ 

Ստուգումն իրականացվել է տարեկան հայտարարագրերի ուսումնասիրության միջոցով։ Օրինակ, եթե պաշտոնյան լիազորությունները դադարեցրել է 2022 թվականին, բայց ներկայացրել է 2022-ի կամ 2023-ի տարեկան հայտարարագիր, ապա ստուգվել է, թե արդյո՞ք այդ հայտարարագրում նշված է մեկ այլ պաշտոն, կամ արդյո՞ք հայտարարագրի եկամուտների բաժնում հայտարարագրված է մեկ այլ պաշտոնում կատարած աշխատանքից ստացված եկամուտ։ Այլ պաշտոնի առկայության դեպքում պաշտոնատար անձի համար դադարեցման հայտարարագրի ներկայացման պարտավորություն չի հաշվարկվել։ 

Այստեղ առկա է հավանականություն, որ գուցե հաջորդ պաշտոնի ստանձնումը տեղի է ունեցել ոչ 1 ամսվա ընթացքում։ Այս ստուգման արդյունքում ստանձնման հայտարարագրի ներկայացման պարտավորություն չի հաշվարկվել ընդամենը 2 պաշտոնատար անձի համար։

2․ Քանի որ անձը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չի ներկայացնում նաև այն դեպքում, եթե լիազորությունների դադարեցումից հետո՝ 1 ամսվա ընթացքում, ստանձնում է հայտարարագրման պարտավորություն ունեցող մեկ այլ պաշտոն և նախկինում ներկայացրել է ստանձնման հայտարարագիր, ապա ստանձնման հայտարարագիր չներկայացրած անձանց դեպքում ստուգվել է՝ արդյո՞ք նրանք երբևէ ներկայացրել են ստանձման հայտարարագիր։ Ստանձման հայտարարագրի առկայության, նախկին պաշտոնի ստանձման պահից մինչև ներկա պաշտոնի ստանձնումն ընկած ժամանակահատվածում դադարեցման հայտարարագրի բացակայության և տարեկան հայտարարագրերի չընդհատվող շարքի առկայության պարագայում նախորդ պաշտոնի ստանձման հայտարարագիրը ընդունվել է որպես առկա ստանձման հայտարարագիր։ Այս ստուգման արդյունքում որպես ստանձման հայտարարագիր է ընդունվել նախկինում ներկայացված 39 ստանձնման հայտարարագիր։

Այստեղ ևս կա նախորդ պաշտոնի դադարեցման և ներկա պաշտոնի ստանձնման միջև 1 ամսից ավելի ժամանակի առկայության հավանականություն, սակայն մեր հաշվարկներում այս գործոնն անտեսված է։ 

3․ Բոլոր այն դեպքերում, երբ համայնքային պաշտոնյաները պաշտոնը ստանձնել և դադարեցրել են 1 ամսվա ընթացքում, ընդունվել է, որ ստանձման, դադարեցման և տարեկան հայտարարագրեր կարող էին չներկայացվել։ Արդյունքում չներկայացված հայտարարագրերի ցանկից դուրս է բերվել 36 անձի 109 հայտարարագիր։

4․ Դադարեցման հայտարարագրի ներկայացման պարտավորություն չի հաշվարկվել նաև 2024 թվականին համայնքային պաշտոնը դադարեցրած 13 անձանց համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք կարող են ստանձնած լինել նոր հայտարարագրման պարտավորություն ունեցող պաշտոն, ինչը հայտարարագրերի ստուգմամբ պարզել դեռևս հնարավոր չէ։

Մեթոդաբանական այս որոշումների արդյունքում ներկայացված է ընդունվել կամ ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել։ Այսինքն՝ չներկայացված հայտարարագրերի քանակը կարող է մի փոքր ավելին լինել, քան հաշվարկվել է հոդվածում։

Մեթոդաբանական այս որոշումների արդյունքում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս են եկել 50 գործող կամ լիազորությունները դադարեցրած համայնքային պաշտոնատար անձինք, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։

Լիլիթ Գրիգորյան, Սուսինա Խաչատրյան, Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել