Որքան ուշանա լայնածավալ համախմբման ուղղությամբ կառավարության ու խորհրդարանի կողմից արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, այնքան ավելի դժվար է լինելու ճգնաժամի հաղթահարումը․Արսեն Խառատյան
18:55 - 05 հունիսի, 2020

Որքան ուշանա լայնածավալ համախմբման ուղղությամբ կառավարության ու խորհրդարանի կողմից արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, այնքան ավելի դժվար է լինելու ճգնաժամի հաղթահարումը․Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի՝ արտաքին քաղաքականության հարցերով նախկին գլխավոր խորհրդական, Թբիլիսիի «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Կորոնաճգնաժամը` լակմուսի թուղթ, ինչ անել

Մինչ աշխարհի տարբեր կառավարություններ, երկրների ղեկավարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին, մեր ժողովրդին եւ կառավարությանը, մեզանում ոչ միայն չարախնդացողների պակաս չկա, այլեւ քաղաքական դիվիդենտներ շահելուց զատ, անթաքույց կերպով հանրության շրջանում խուճապ մտցնելու փորձեր են արվում:

Ստեղծված իրավիճակում սեփական քաղաքական նպատակների համար իրավիճակից օգտվելու այս ստորաքարշ պահվածքն իր հստակ գնահատականն է ստանալու մեր ժողովրդի կողմից: Սա յուրահատուկ լակմուսի թուղթ է բոլորիս համար, եւ՛ անհատական, եւ՛ խմբային մակարդակներում:

Ասվածն ամենեւին էլ չի նշանակում, թե կառավարող ուժի կողմից թույլ տրվող սխալների մասին չպետք է խոսել: Ավելին, որքան ուշանա լայնածավալ համախմբման ուղղությամբ կառավարության ու խորհրդարանի կողմից արդյունավետ մեխանիզմների ստեղծումը, այնքան ավելի դժվար է լինելու ճգնաժամի հաղթահարումը, իսկ հնարավոր ձախողումների պատասխանատվությունը մնալու է հենց կառավարող ուժի ուսերին:

Վարչապետի կողմից ֆեյսբուքյան տարածքում հանրային մոբիլիզացիան համավարակային կանոնները խախտողների լուսանկարները տեղադրելով ու պատիժների կիրառությամբ ոչ միայն բավարար չեն, այլեւ գնալով կորցնում են արդյունավետությունն ու կարող են հակառակ էֆեկտն ունենալ:

Իրավիճակից հանրային խմբերի եւ ինստիտուտների հնարավորինս լայն ներգրավմամբ դուրս գալու համար առաջարկում եմ հետեւյալ քայլերը.

1. Ֆորմատներ գտնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ինտենսիվ խորհրդակցություններ իրականացնելու նպատակով

2. Ընդլայնել աշխատանքը միջազգային գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներում, այս հարցում Սփյուռքի մեր կառույցների ու անհատների հետ առավել համակարգված առաջ շարժվել

3. Խոսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, աշխատանքի բաժանում անել, կոնկրետ ոլորտներում ՀԿ-ներին պատվիրակել անելիքները

4. Համակարգել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ կրոնական այլ կազմակերպությունների հնարավորինս արդյունավետ ներգրավումը ճգնաժամի դեմ պայքարում

5. Մասնավոր հատվածի եւ առանձին գործարարների հետ ընդարձակել համագործակցության ֆորմատը, ինտենսիվորեն քննարկել կառավարության որոշումների ազդեցությունը բիզնեսի վրա

6. Քննարկում սկսել բոլոր, առանց բացառության, բոլոր ԶԼՄ-ների ղեկավարների հետ, հասնել նրան, որ մինչ ճգնաժամի ավարտը կոնկրետ հարցերի շուրջ մորատորիում հայտարարվի

7. Հանրային հեռուստաընկերության եւ այլ հեռուստաընկերությունների հետ համագործակցությամբ օրական մի քանի անգամ եթեր տրամադրել համաճարակաբանների, բժիշկների ու ոլորտի այլ մասնագետների

8. Աշխատել հանրության շրջանում հեղինակություն վայելող, կարծիք ձեւավորող անհատների հետ, տարբեր ուղերձներ նրանց միջոցով տեղ հասցնելու նպատակով

Այս շարքը կարելի է շարունակել, իսկ մինչ այդ շարունակեք դիմակ դնել ու կյանքեր փրկել...»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել