Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է |hetq.am|
10:15 - 11 հուլիսի, 2020

Դալմայի այգիների կառուցապատումը. 15 հարկանի շենքերով թաղամասի շինարարությունը սկսվել է |hetq.am|

hetq.am: Մաս 1

Դալմայի այգիների տարածքում մեծ թափով շինարարություն է սկսվել։ Այստեղ բազմահարկ շենքեր և բնակելի թաղամասեր են կառուցվում։ «Հետք»-ն ուսումնասիրել և մաս-մաս ներկայացնելու է Դալմայի այգիների տարածքում հողերի օտարման պատմություններն ու կառուցապատման ծրագրերը։ Շարքի առաջին մասում կանդրադառնանք «Սահակյանշին» ընկերության կողմից բազմաբնակարան համալիրի կառուցման գործընթացին։ 

Դալմայի այգիների տարածքը մինչև 2003 թ.-ն մոտ 700 հեկտար էր։ 2003 թվականին Կառավարությունն ընդունեց Դալմայի այգիները մի քանի անգամ փոքրացնող՝ h.1941-Ա որոշումը։ Կառավարության որոշմամբ այգու նոր սահմանները հստակեցվեցին, ինչպես նաև անտառային հողերի կատեգորիան փոխվեց։ Այդ որոշմամբ Դալմայի այգիների պահպանության տարածքը 700-ից դարձավ 256 հա։

Պահպանության գոտին գտնվում է Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի թաղամասը ձգվող տարածքում։ Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռանակաբերդի խճուղու մեջտեղում գտնվող հողատարածքները դարձել են խառը կառուցապատման գոտի։

Ըստ Երևանի 2005 թ.-ին ընդունված գլխավոր հատակագծի` Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու մեջտեղում ընկած՝ Լենինգրադյան փողոցին հարող հատվածը հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտի է։

Ինչ է կառուցվում 6.4 հա տարածքում

Շինարարական ոլորտում հայտնի «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում բնակելի համալիր է կառուցում։ 2019 թ.-ի օգոստոսի 27-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընկերությանը նախագծման թույլտվություն է տվել (ճարտարապետահատակագծային առաջադրանք): 8 առանձին կտորից բաղկացած ընդհանուր 6.4 հա հողակտորը կառուցապատումից ազատ է եղել։ Թույլտվության համաձայն՝ պետք է մշակվեր բնակելի և հասարակական շենքերի և ներթաղային ճանապարհների նախագիծ։ Շենքերի թույլատրելի հարկայնությունը մինչև 15 հարկ պետք է լինի, յուրաքանչյուր հարկի բարձրությունը՝ 3.3 մետր։ «Հնարավոր է մասնակի, ավելի բարձր ծավալների շեշտադրում՝ տանիքը սպասարկող աստիճանավանդակների և վերելակների հորանների համար։ Հողամասի ռելիեֆային առանձնահատկությունից ելնելով՝ հնարավոր է նկուղային և կիսանկուղային հարկեր»,-նշված է նախագծման թույլտվության մեջ։

 

 

Ամբողջական համալիրի շինթույլտվությունը կառուցապատողը դեռ չունի։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սահակյանշին» ՓԲԸ–ին 2019 թ․-ի դեկտեմբերի 9-ին տվել է բնակելի և հասարակական շենքերով թաղամասի 4-րդ մասնաշենքի հիմքերի կառուցապատման շինթույլտվություն։

Շինհրապարակ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ մեծ թափով հողային աշխատանքներ են կատարվում, փորվում են շենքերի հիմքերը։ Այսինքն, միայն մեկ մասնաշենքի հիմքի փորման աշխատանք չէր, այլ համալիր ձևով շենքերի հիմքերն էին փորվում։

Քաղաքապետարանից խնդրել էինք նաև կառուցվելիք շենքերի գծագրերի առկայության դեպքում տրամադրել մեզ։ Թեև ամբողջ համալիրի շինթույլտվությունը չկա, բայց մեզ են փոխանցել կառուցվելիք շենքերի աշխատանքային նախագիծը։ Դրանում երևում է, որ 8 շենք է կառուցվելու, շենքերի բակային հատվածներում՝ պուրակներ, խաղահրապարակներ։

«Սահակյանշին» ընկերության պատրաստած տեսանյութում, բացի բնակելի և հասարակական շենքերից, համալիրի աջ և ձախ մասերում պատկերված է երկուական 30 հարկանի ապակեպատ շինություն, որոնցից մեկը՝ հյուրանոցային, իսկ մյուսը բիզնես համալիր պիտի լինի։

 

Փորձաքննության պահանջը

«Սահակյանշին» ՓԲԸ-ն Դալմայի այգիների այս հատվածի ամենամեծ կառուցապատողներից է: Մայիսի 12-ին ընկերության հայտը Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանի հաստատմամբ ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն:

Դրական եզրակացության պարտադիր պահանջներից մեկն այն է, որ կատարվող շինաշխատանքների ընթացքում պատմամշակութային և հնագիտական շերտերի ի հայտ գալու դեպքում հետագա աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագետի` հնագետի եզրակացությունը ստանալուց հետո:

Այդպիսով, նախագծի համաձայն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընդգրկված Ծիծեռնակաբերդի խճուղու 8 առանձին հասցեներում` 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 բազմաբնակարան բնակելի և հասարակական համալիրի կառուցապատում է իրականացվելու: Ընկերությունն այստեղ սեփականության իրավունք ունի 6,4 հա-ի նկատմամբ: Այն անմիջական` Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ է` մարզահամերգային համալիրից ընդամենը 350 մ հեռավորության վրա:

Բնակելի համալիրը նախատեսվում է կառուցել մոտ 9000 բնակչի համար, 2704 բնակարան: Շենքերի առավելագույն բարձրությունը 15 հարկն է: Կառուցապատման մակերեսը ողջ տարածքի ⅓-րդն է կազմելու: Ողջ տարածքի կեսից ավելին, ըստ նախագծի, կանաչապատ է լինելու: Կառուցվելու են ավտոմեքենաների ճանապարհներ և ստորգետնյա կայանատեղիներ: Եվս մեկ անգամ նշենք, որ ՇՄԱԳ-ում ևս 30 հարկանի բարձրահարկերի մասին որևէ նշում չկա: 

Ինչպես «Սահակյանշինը» հայտնվեց Դալմայի տարածքում

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ` 2012թ․-ին, առանց մրցույթ հայտարարելու, Կառավարությունը որոշել է հող՝ ճանապարհի դիմաց, փոխանակման ծրագիր իրականացնել։ «Սահակյանշին» ՓԲԸ-ն պետք է կառուցեր Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող բոլորովին նոր՝ Մոնթե Մելքոնյան փողոցը, որի դիմաց ցածր գնով ձեռք կբերեր ճանապարհի եզրի հողատարածքը։ Հողի գնման արժեքը սկզբում սահմանվել էր 1 քառակուսի մետրն ընդամենը 70 հազար դրամ։ 2012 թ․-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է Երևանում ավտոմայրուղի կառուցելու ներդրումային ծրագիրը, բայց արդեն առանց ձեռքբերման արժեքի։ Ճանապարհը 5.3 հա հողի դիմաց է տրվել։ Կառավարության նույն որոշման մեջ նաև նշված է, որ շինարարական աշխատանքների ծավալի և արժեքի փոփոխության դեպքում տրամադրվող հողամասի չափը կարող է տատանվել մինչև 10 տոկոսի սահմաններում։ Կառավարության «e-gov.am» պաշտոնական կայքում Կառավարության «7 մարտի 2012, 271 - Ա» որոշման մեջ օտարվող հողի մակերեսը նշված է 5.3 հա, մինչդեռ իրավական ակտերի պաշտոնական տեղեկագրում՝ «arlis.am»-ում նույն որոշման մեջ նշված է 9.16 հա:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել