«Ալեքս ֆաբրիկա», «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները արտոնություններ են ստացել |hetq.am|
15:06 - 30 հուլիսի, 2020

«Ալեքս ֆաբրիկա», «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները արտոնություններ են ստացել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստում բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Ըստ կառավարության աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։

Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։

Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել