Իրավիճակն Ամուլսարում․ թարմացվող

Cover


Դիտել նաև

07․08․2020

19:00- Ամուլսարի պահապանների վագոն-տնակներից մեկն, այնուամենայնիվ, կմնա տարածքում, սակայն կտեղափոխվի այնպիսի վայր, որ չխոչընդոտի երթևեկությանը։ Ակցիան ավարտվեց, մասնակիցները նշեցին, որ իրենց պահանջը մասնակի բավարարվել է:


17։54- «Լիդիան»-ի վագոն-տնակներն արդեն «Լիդիան»-ի տարածքում են, ճանապարհից կհեռացվեն նաև ցուցարարների վագոն-տնակները։

 

16։58- Այս պահին Ամուլսար տանող ճանապարհից տեղափոխում են «Լիդիան»-ի վագոն-տնակները։

 

16։56- Իրավական բոլոր օրենքները պաշտպանելով իրականացնում ենք մեր գործառույթները։ Այս տարածքում տնակաների տեղադրումը ապօրինի է, այս տարածքը, որտեղ տեղադրված են տնակները՝ պայմանագրային  հիմքունքներով տրված է եղել «Լիդիան» ընկերությանը։ Վերոնշյալ տարածքը չեզոքության գոտի է և ոչ ոք իրավունք չուներ, առանց համայնքի ղեկավարի թույլտվության ինչ-որ մի բան տեղադրել։ [Ջերմուկի համայնքապետի օգնական Հայկ Դավթյան]

 

16։19- |tert.am|Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է, «Լիդիան»-ի վագոն-տնակը կտեղափոխեն. Ուղիղ

 

15։58- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հարցին՝ հնարավո՞ր է վարչապետը հանդիպի Ամուլսարի տարածքում հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներին, Մանե Գևորգյանն ասաց, որ այս պահին մեկնաբանություն տալ չի կարող։ |aysor.am|

 

14։10- «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ՝ ապօրինիъ առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները: Այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ։ [«Լիդիան Արմենիա»]

 

12:56- Ջերմուկի համայնքապետարանն իրացնում է օրենքով սահմանված իր գործառույթը, եթե ամեն ինչ նորմալ ընթանա՝ ակցիա իրականացնող բնակիչները կհամարեն, որ իրենց առաջին պահանջը կատարվել է և առաջ կքաշեն մնացած պահանջները։ Այս պահին բնակիչները չունեն քննարկած հստակ որոշում՝ տնակների տեղափոխումից հետո ակցիաները կդադարեցվեն, թե ոչ։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]

 

12։46-Կառավարությունը փորձեց «Էլարդի» փորձաքննությունն օգտագործել ի շահ իրենց նպատակների, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ Կառավարությունը որոշակի քաղաքական լծակներ ունի, որոնց շրջանակներում նա ուղղակիորեն չի կարող այդ հանքը չշահագործել: Այս մասին ասաց «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներից Սիլվա Ադամյանը` խոսելով Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի և շրջակա միջավայրի առողջության ոլորտում պետական քաղաքականության վտանգների վերաբերյալ: |tert.am|

 

11։56- |factor.am| Ամուլսարի հանքի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները. Ուղիղ

 

06․08․2020

22:25- Այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց։


21:55- Ես պարզ բառերով ասացի, որ գործընթաց է գնում, մենք այսօր նամակ ենք գրել Լիդիանին, իրենք սխալվել են վագոն-տնակների տեղադրման կետով, վաղը կգան համապատասխան մասնագետները, ձեր ներկայությամբ ցույց կտան՝ որտեղ պետք է դրանք տեղադրվեն, և իրենց միջոցներով տնակները կտեղափոխվեն համապատասխան վայր։ Կոնկրետ ժամ չնշեմ, բայց ասում եմ, որ գործընթացը կսկսվի վաղն առավոտվանից։ [Ջերմուկի քաղաքապետ]


21:35- Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կարծիքով՝ վաղը «Լիդիան Արմենիա» ընկերության և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների վագոն-տնակները կհանվեն։ «Լուծումները քննարկվում են, կառավարությունը տեղյակ է։ Հիմա այստեղ տեղադրված վագոն-տնակի հարցի ուղղությամբ ենք նամակ գրել «Լիդիանին»։ Պայմանավորվել ենք երկու կողմերի հետ, որ 2 կողմից էլ պիտի վագոն-տնակները գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»,- ասաց Ջերմուկի քաղաքապետը՝ ավելացնելով, որ վագոն-տնակները ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն վաղը։ |armenpress.am|


21:15- Վարչապետի՝ իմ ամուսնու մեկ տարի առաջվա լայվից հետո, ես չգիտեմ՝ ինչ փոխվեց, ինչու հանկարծ այս բռնկումը տեղի ունեցավ, եթե մեկ տարի ոչինչ տեղի չի ունեցել, ոչ մի պրոցես չի ընթացել, ի՞նչ տեղի ունեցավ, որ նորից սկսվեց։ Դա հարց է, որի պատասխանը ես չկարողացա գտնել՝ հետևելով իրադարձություններին, լսելով հարցազրույցներ, հատկապես այն մարդկանց, որոնք այնտեղ գործողություններ են անում։ Բուն խնդրի էության մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ շահագործվելո՞ւ է, հանքը, թե՞ ոչ։ [Աննա Հակոբյան] |armenpress.am|


19:35- Ամուլսարի հանքի շահագործման դեմ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում՝ բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին:


19:25- Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Ազատության հրապարակի տարածքից ի պաշտպանություն Ամուլսարի հեծանվային երթ իրականացնել փորձող քաղաքացիներին։


17։44- ՀԲՃ-ն հրապարակել է ի պաշտպանություն Ամուլսարի պայքարողների պահանջը: ՀՀ կառավարությանն ուղղված հանրային պահանջը հետևյալ կետերն է ներառում.

«Հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված տնակները։

Հեռացնել սադրանքներ հրահրող զինված վարձկաններին Ամուլսարից։ 

ՀՀ կառավարությունը պետք է չեղարկի 2016թ-ին Ամուլսարի ՇՄԱԳ-ին տրված դրական եզրակացությունը։

Ամեն օր ժողովուրդը էլ ավելի է ավելացնելու հանրային ճնշումը։

Ինչքան շուտ այս խնդիրները լուծումներ ստանան, այդքան ավելի քիչ կամուրջներ կայրվեն ՀՀ քաղաքացիների և կառավարության միջև։

Ամուլսարի ճակատագիրը այլևս որոշված է։

Ամուլսարը պիտի սար մնա ու վերջ»:

 

05․08․2020

23:55- Ամուլսարի տարածքում ակցիայի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել ակցիան, գնալ տուն՝ հանգստանալու և վաղը կրկին նույն վայրում ու նույն պահանջներով հավաքվելու։


23:20- Բերման ենթարկված բոլոր քաղաքացիները դուրս են եկել ոստիկանության բաժնից և շարժվելով գալիս են այստեղ։ [Ակցիայի մասնակից]


22:25- Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցներն ընթերցեցին բերման ենթարկված յոթ քաղաքացիների անունները՝ վանկարկելով՝ «ազատություն»։ Նշեցին, որ ոստիկանությունից իրենց հավաստիացրել են՝ մինչև երեք ժամը լրանալը բոլոր բերման ենթարկվածները կլինեն ազատության մեջ։


22:10- Ամուլսարում այս օրերին պայքարող հարգելի քաղաքացիներ, սիրելի' ընկերներ, ցավում եմ, որ Կորոնավիրուսի պատճառով ի վիճակի չեմ լինել տեղում, ի վիճակի չեմ նույնիսկ ողջ գործընթացի պատճառներն ու մանրամասները վերահսկել։ Որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ եւ այդ առումով ողջ այս գործընթացի իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից։ Հորդորում եմ ոստիկանությանը լինել խիստ հարգալից ակտիվիստների նկատմամբ, գործել բացառապես իրավաչափության շրջանակներում։ [Գայանե Աբրահամյան]


21:55- Քիչ առաջ տեղեկացա, որ Ամուլսարի տարածքում քաղաքացիներից մեկը վնասել է ոտքը, հայտնեցին, որ վերջինս վրաերթի է ենթարկվել ոստիկանական մեքենայի կողմից, հետևողական եմ լինելու գործի անաչառ քննությանը: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյան]


21:30- Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 7 անձ բերվել է ոստիկանություն։  [ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան]


21:00- Այս պահին Ամուլսարի շահագործման դեմ պայքարի մասնակիցները Ջերմուկի ճանապարհին նստացույց են իրականացնում։ Մինչ այդ ոստիկանների հետ միջադեպի ժամանակ վնասվել է Գնդեվազ գյուղի բնակիչներից մեկի ոտքը․ ոստիկանական մեքենան անցել է նրա ոտքի վրայով։ Քաղաքացին որպես բողոքի նշան հրաժարվում է հեռանալ ակցիայի տարածքից։


20:30- Ամուլսարում իրավիճակը լարված է, ոստիկանությունը փորձում է բացել ճանապարհը և բերման ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին։


19:55- Շիրակ Բունիաթյանն ընդգծեց, որ կարճաժամկետ լուծման համար իրենց պահանջը եղել և մնում է վագոն-տնակների ապօրինի տեղակայումը․ դրանք ամենաքիչը 30 մետր պետք է հետ գնան, իսկ հիմնական պահանջն այն է, որ Ամուլսարի հարցը ստանա վերջնական հանգուցալուծում։ Նա շեշտեց՝ հիմա այստեղ են ակցիա անում, բայց եթե ամեն ինչ գնում է նրան, որ իրենց քաղաքի ճանապարհը փակելով չեն ստանալու արձագանք, ուրեմն՝ հաջորդ ակցիաները կկազմակերպեն տարբեր վայրերում․ «Ամեն ինչ անելու ենք ոչ բռնի եղանակով, չենք տրվելու սադրանքների։ Մի օր Երևանում կանենք, մի օր, մեր վարչապետի օրինակին հետևելով, միջպետական ճանապարհ կփակենք։ Մեզ՝ մեր խաղաղ հավաքի վայրից հեռացնելով՝ մեր դիրքորոշումը չի փոխվում․ Ամուլսարի փրկության համար կանգնելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք թույլատրելի բոլոր ձևերով»։


15։58- Այսօր՝ ժամը 17։00-ից սկսած, մեր ընտանիքներով հավաքվում ենք Ջերմուկի տաքսիների կանգառում և այնտեղից մեզ միացած մարդկանց հետ 18։00-ին գնալու ենք Ամուլսար՝ առաջ քաշելու մեր պահանջները։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]

 

11։25- Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում՝ ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը: [Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան] |lragir.am|

 

10։02- Երեկ գիշեր Ամուլսարում հավաքը դադարեցվեց և կշարունակվի այսօր: Հանրության պահանջներից ոչ մեկը դեռևս չի բավարարվել: Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռությունը: Ոստիկանությունը շարունակում է ՀՀ անունից պաշտպանել խոշոր կապիտալն ընդդեմ քաղաքացիների իրավունքների ու հանրային շահի: [ՀԲՃ]

 

09։23- Տեղեկացա Ջերմուկում տիրող իրավիճակից, և թե որքան են «Լիդիան» ընկերության վարձու աշխատակիցներն անցել բոլոր սահմանները` կռվի բռնվելով ոստիկանության հետ և հայհոյելով պայքարողներին։ Սա անթույլատրելի է և աններելի և պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյան]

 

04․08․2020

22:22- Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան: Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից:

Ակտիվիստները պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, որին չհամաձայնեցին ցուցարարները: Նրանք նշեցին, որ պատրաստ են իրենց ակցիան շարունակել նաև գիշերը:

21:30- Ցուցարարներին մոտեցավ Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի հանգուցալուծման համար քննարկումներ են ունեցել:

«Չնայած սա այսօրվա լուծվելիք հարց չի, բայց փորձեցի մաքսիմալ լուծում գտնել: Այս պահին հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշված չէ, քննարկման փուլում է տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ տալիս, որ դա կարող է այս պահին լինել: Վաղը կարող է ձեր խումբը գնալ կառավարություն և կոնստրուկտիվ քննարկում ունենալ այս հարցի հետ կապված, այնտեղ պարզաբանվելու է, որ իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա»,- ասաց նա:

Ազիզյանը նշեց՝ կցանկանար, որ այս հարցում լուծման հասնեն, տեղեկացրեց՝ կա հարուցված քրեական գործ, բայց ինքն իրավասություն չունի գործի մանրամասների վերաբերյալ բարձրաձայնելու. դա կանի, եթե նախաքննության մարմինը թույլ կտա:

20:35- Ի պաշտպանություն Ամուլսարի՝ ցույցի դուրս եկած քաղաքացիները հայտնեցին՝ փոխզիջումային առաջարկ ունեն, որի էությունը հետևյալն է. վագոն տնակները պետք է 30 մետր հետ տարվեն, իրենք իրենց հերթին պատրաստ են հանդիպել և հարցը քննարկել կառավարության անդամների հետ:

Ցույցի մասնակիցները հնչեցված առաջարկը գոհունակությամբ ընդունեցին: Համաձայնություն ձեռք բերվեց այդ պահակակետները տեղափոխել ճամփեզրից 30 մ հեռավորության վրա:

20:20- Infocom-ի հետ զրույցում Էդգար Ջանոյանը հայտնեց, որ Ամուլսարի տարածքից, բացի տասը քաղաքացիներից, բերման է ենթարկվել նաև պահնորդական ծառայության երկու աշխատակից։ «Այսինքն՝ ընդհանուր առմամբ 12 բերման ենթարկված կա»,- նշեց նա։

19:38- Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

17։09- Ոչ բռնի պայքարի միջոցներով իշխանության եկած պաշտոնյաները զարմանալիորեն չեն խոսում ու գրում, որ Ամուլսարում տեղի ունեցողը անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ավելին, կան նաև օրենքի խախտումներ՝ պահնորդների և ընկերության անունները չկային համազգեստների վրա, նրանց վկայականների առկայությունը և հարկային թափանցիկ գործունեությունը դեռ հարցականի տակ են. այս ամենի մասին բողոք է գրվել ոստիկանությանը։ [«Ձախ դիմադրություն»]

 

11։51- Ոստիկանությունից չմեկնաբանեցին, սակայն, մեր դիտարկումը, որ այդպիսով, փաստորեն, Ընկերությունը խախտել է Ջերմուկի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության մայոր Ա․ Արմենակյանի տրամադրած փաստաթղթի այն հիմունքը, ըստ որի՝ շարժական տնակները չեն գտնվում Ընկերությանը պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում։ 

 

09։07- «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը գիշերը հանել է Ամուլսար տանող ճանապարհի մոտ բնակիչների կողմից տեղադրված տնակները և տեղադրել սեփական տնակները։ [Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյան]