fip.am: Կառավարության նախորդ՝ սեպտեմբերի 10-ի նիստում օրակարգում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էին միայն 4-ը: Նիստերի անցկացման նման մոտեցումը մշտապես մամուլի ուշադրության կենտրոնում է։ Միաժամանակ, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է կառավարության աշխատանքի թափանցիկության կարևորությունը:

Դեռ 2018 թվականի հեղափոխությունից առաջ իշխող ուժը նախաձեռնել էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրենսդրական նախագիծ: Հանրապետական կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն այդ նախագիծը հիմնավորում էր նրանով, որ գործադիրի աշխատակիցները կաշկանդվում են արտահայտել իրենց տեսակետները: Նախագծով նիստերը դռնբաց անցկացվելու էին միայն կառավարության հատուկ որոշմամբ:

Այս նախագիծը ժամանակին լուրջ քննադատությունների առիթ էր դարձել: Հեղափոխությունից հետո, սակայն, օրենսդրական այս նախաձեռնությունը չեղյալ համարվեց: «Մենք լուծում ենք ևս մեկ՝ ժամանակին աղմուկ հարուցած հարց։ Հիշում եք, որ օրենքով նախատեսված՝ նիստերը հիմա լինում են դռնփակ, իսկ դռնբաց նիստերը հատուկ որոշում են պահանջում։ Մենք հիմա հակառակն ենք անում, բայց, իհարկե, կլինի փակ նիստեր անելու անհրաժեշտություն»,- 2018 թ. նոյեմբերի 15-ին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Նոր իշխանությունները, սակայն, նիստերը դռնփակ անցկացնելու փոխարեն որդեգրեցին նոր քաղաքականություն: Մասնավորապես, վերջին երկու տարիների ընթացքում զգալի նվազել է զեկուցվող հարցերի քանակը: 2020 թ. սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի փաթեթում է ընդգրկվել տարվա ընթացքում քննարկված հարցերի շուրջ 88 տոկոսը:

«Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2017-ի ընթացքում կառավարության նիստերում չզեկուցվող է եղել 1982 հարցերից 1054-ը կամ 53 տոկոսը: 2018-ին չզեկուցվող հարցերը կազմել են ընդհանուրի շուրջ 62 տոկոսը: 

Նախորդ տարի կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված 1947 հարցից 1401-ը կամ մոտ 72 տոկոսը չի զեկուցվել: Եվս 49 հարց ներկայացվել է որպես գաղտնի փաստաթուղթ: 2017-ի համեմատ չզեկուցվող հարցերի քանակն ավելացել է շուրջ 29 տոկոսով:

2020 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ չզեկուցվող հարցերի չափաբաժինը կտրուկ ավելացել է: Նիստերում ընդգրկված ընդհանուր առմամբ 1388 հարցից միայն 164-ը կամ մոտ 12 տոկոսն է քննարկվել: 

Հավելենք, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի բովանդակությունը (բացառությամբ՝ գաղտնի հարցերի) նիստից մեկ օր առաջ հրապարակվում է e-gov.am կայքում, սակայն դրանց ծանոթանալը և ուսումնասիրելը բավական ժամանակատար է, երբեմն՝ բարդ: 

Ամփոփելով՝ նշենք, որ, թեպետ Հայաստանի նոր իշխանությունները չեղարկել էին կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագիծը, սակայն մյուս կողմից՝ օրակարգում ընդգրկված հարցերի մեծամասնությունն այսօր փաստացի չի զեկուցվում և չի քննարկվում։

Անի Ավետիսյան