ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են |armenpress.am|
17:50 - 03 նոյեմբերի, 2020

ՏՄՊՊՀ նախագահի վստահեցմամբ՝ Հայաստանում Covid-19-ի վճարովի թեստերն էականորեն ավելի էժան են |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման վճարովի թեստերի գինն էականորեն ավելի էժան է, քան տարածաշրջանի և այլ երկրներում:  Այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում կորոնավիրուսի վճարովի թեստերի գներն արդարացված են:

Գևորգյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել չի կարող: «Չկա այստեղ գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, կան փոքր քանակի ծառայություն մատուցող սուբյեկտներ, որոնք գնի ձևավորման մեջ մի շարք հանգամանքներ կարող են պնդել և մտցնել»,-ասաց նա:

ՏՄՊՊՀ-ն նաև համեմատական է տարել մի շարք երկրների հետ՝ և հարևան, և այլ: «Հայաստանում էականորեն ավելի էժան են կորոնավիրուսի թեստի գները»,-ասաց Գևորգյանն ու հավելեց, որ փաստն է արձանագրում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպել էր COVID-19-ի ախտորոշման թեստավորում իրականացնող լաբորատորիաների ղեկավար կազմի հետ: Քննարկվել էին թեստավորման նկատմամբ ներկայումս բնակչության շրջանում ձևավորված մեծ պահանջարկի և ծառայության մատուցման գնի հարցը: Ընկերությունները պատրաստակամություն էին հայտնել նվազեցնել նշված ծառայության մատուցման գինը, ինչի արդյունքում այն կկազմեր առավելագույնը 15.000 դրամ: Տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ գնի մեջ ներառված չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել