news.am: Համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ չի հարցաքննվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ես հարցաքննության գնալու ծանուցում դեռ չեմ ստացել։ Երբ որ ստանամ, հրապարակայնորեն կտեղեկացնեմ։ Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը։ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, այն ժամանակ Առողջապահության փոխնախարար եղած Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրենը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Շահումյանը կալանավորված է։
Մարտի 10-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Ապրիլի 27–ին Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
comment.count (0)