Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները Հայաստանում են․ նրանց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|
22:19 - 19 հունվարի, 2021

Վարձկանության մեջ մեղադրվող սիրիացիները Հայաստանում են․ նրանց կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումները բողոքարկվել են |hetq.am|

hetq.am: Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Մուհռռաբ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը երկարացվել է երկու ամսով։

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել Սիրիայի ևս երեք քաղաքացու նկատմամբ։

Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ դատարան։ Այս պահին պաշտպանին հայտնի չեն բողոքների գործերով նիստերի օրերը:

Նշենք, որ Մուհռռաբ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին իրենց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նոյեմբերին կայացած դատական նիստերին մասնակցել են, սակայն այժմ՝ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերին նրանք ներկա չեն եղել։ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ նրանք դիմում են գրել ու խնդրել նիստն անցկացնել իրենց բացակայությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել