Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը
 |1lurer.am|
19:31 - 21 հունվարի, 2021

Դատարանը բավարարել է Գագիկ Ջհանգիրյանի հայցը՝ անվավեր ճանաչելով Քոչարյանի հրամանագրերը |1lurer.am|

1lurer.am: Վարչական դատարանն այսօր բավարարել է նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հայցը:

Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 23.02.2008 թվականի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը, որոնց համաձայն նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի աստիճանից: 

Հիշեցնենք՝ Ջհանգիրյանն աշխատանքից ազատվել և դասային աստիճանից զրկվել էր 2008թ. փետրվարի 23-ին, այն բանից հետո, երբ մասնակցել էր ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքին և ելույթ ունեցել: Այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանին, նշելով, թե իբր Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել էր» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ:

Գ. Ջհանգիրյանը հանրահավաքին ելույթ ունենալուց հետո, նույն օրը երեկոյան նաև ձերբակալվել էր, ապա ավելի ուշ՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Սակայն 2019 թ. վճռաբեկ բողոքի հիման վրա Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել էր և ճանաչվել անմեղ: Իսկ 2020թ. հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Ջհանգիրյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով, որ 2008թ. նրա նկատմամբ եղել են Կոնվենցիայի 5 (§1), 5 (§3), 6 (§1) և 11-րդ հոդվածների խախտումներ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել