էԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ
Սույն կանոնագիրը ուղենիշ է «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական հասարակական կազմակերպության Infocom.am լրատվամիջոցի աշխատակիցների մասնագիտական գործունեության համար։ Կանոնագրով սահմանված կանոնների պահպանումը պարտադիր է Infocom.am-ում աշխատանքի ողջ ընթացքում, այդ թվում՝ ոչ աշխատանքային ժամերին և օրերին։
- Տեղեկությունը հրապարակել միայն բոլոր հնարավոր ողջամիտ միջոցներով ստուգելուց և դրա հավաստիության մեջ համոզվելուց հետո։
- Եթե տեղեկությունը ունի հանրային բացառիկ նշանակություն, սակայն բոլոր ողջամիտ միջոցների կիրառմամբ հնարավոր չէ վերջնական համոզվել դրա հավաստիության մեջ, խմբագրակազմի կոնսենսուսային որոշմամբ այն կարող է հրապարակվել «Չհաստատված» նշումով։ Հրապարակումից հետո պետք է շարունակել ուղիներ փնտրել տեղեկությունը ստուգելու և լսարանին հաղորդելու համար։
- Փաստերի և տեղեկությունների շարադրանքը հստակ տարանջատել կարծիքներից և մեկնաբանություններից։
- Ընտրել այնպիսի վերնագրեր, գլխավոր լուսանկարներ, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում տեղադրվող հրապարակման նկարագրություններ, որոնք բխում են նյութի բովանդակությունից:
- Ծրագրային գործիքներով և այլ միջամտություններով էականորեն խմբագրված կամ արհեստական բանականության գործիքներով գեներացված լուսանկարների և տեսանյութերի հրապարակման դեպքում նշել այդ մասին։
- Խուսափել տեղեկությունների ստացման անօրինական եղանակներից։
- Խուսափել տեղեկությունների ստացման գաղտնի եղանակներից` բացառությամբ այն դեպքերի, երբ բաց եղանակով հնարավոր չէ ստանալ հանրային շահի տեսանկյունից էական նշանակություն ունեցող տեղեկությունը, կամ բաց եղանակով ստանալու փորձի դեպքում ստացվող տեղեկությունը կարող է չարտահայտել իրականությունը։
- Մշտապես փորձել տեղեկության աղբյուրը ներկայացնել լսարանին։ Աղբյուրի անհամաձայնության դեպքում ճշտել գաղտնի մնալու պատճառները։ Գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման պարագայում երբևէ չբացահայտել տեղեկության աղբյուրը։
- Բացառել գրագողությունը։ Այլ աղբյուրներից օգտվելիս, մեջբերումներ և վերահրապարակումներ կատարելիս պատշաճ հղում կատարել
- Գովազդային նյութերը կամ գործընկերային նախագծերը հրապարակել այնպես, որ դրանք տարբերակվեն լրագրողական նյութերից։ Բոլոր այն դեպքերում, երբ հրապարակման համար վճարվել է, այն հրապարակել «վճարովի բովանդակություն» նշմամբ, իսկ գործընկերային նախագծերի դեպքում՝ նշումով կամ այլ եղանակով ընթերցողի համար ակնհայտ դարձնել, որ նախագիծն իրականացվում է գործընկեր կազմակերպության կամ ընկերության հետ համագործակցությամբ։
- Infocom.am-ի խմբագրակազմը քաղաքականապես անկախ է, հետևաբար որևէ աշխատակից չի կարող անդամագրվել քաղաքական կուսակցություններին կամ մասնակցել որևէ կուսակցական կամ քաղաքական ուժի նախաձեռնած գործընթացի, ինչպես նաև անձամբ ծավալել նման գործունեություն։
- Հրաժարվել նվերներից, անվճար հանգստից, ծախսերի փոխհատուցումից կամ այլ արտոնություններից, որոնք կարող են որևէ կերպ ազդեցություն ունենալ մասնագիտական գործունեության վրա, կասկածի տակ դնել լրագրողի և խմբագրության անկողմնակալությունն ու անկախությունը, նվազեցնել լրագրողի և խմբագրության հանդեպ վստահությունը։
- Խուսափել համատեղությամբ այլ վճարովի կամ կամավորական աշխատանքից, ծառայությունների մատուցումից, եթե դա կարող է կասկածի տակ դնել լրագրողի անկողմնակալությունն ու անկախությունը, նվազեցնել խմբագրության հանդեպ վստահությունը։
- Հարգել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Պաշտոնատար անձանց, քաղաքական, հանրային գործիչների կամ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող այլ մարդկանց անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակել միայն էական հանրային շահի առկայության կամ պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
- Չչարաշահել լրագրողների և լրատվամիջոցների հետ շփման փորձ չունեցող անձանց դյուրահավատությունը։
- Տեղեկություններ հավաքելիս, հարցազրույց, լուսանկար կամ տեսանյութ հրապարակելիս առանձնապես նրբանկատ լինել, երբ տեղեկության աղբյուրները կամ հրապարակումների հերոսները երեխաներ, անչափահասներ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող, ինքնասպանության փորձ կատարած, ողբերգություն կամ վիշտ ապրած մարդիկ են։
- Զգույշ լինել դեռահաս մեղադրյալների, ամբաստանյալների, դատապարտյալների, ինչպես նաև սեռական հանցագործությունների, խոշտանգման, թրաֆիքինգի զոհերի ինքնությունը բացահայտելիս։
- Պահպանել անմեղության կանխավարկածը։
- Չքարոզել ազգային, ներազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, սոցիալական, սեռական և լեզվական հիմքերով խտրականություն, բացառել նման քարոզչություն ենթադրող միջոցառումներին մասնակցությունը։ Բացառել ատելության խոսքը։
- Լրագրողի՝ սոցիալական ցանցերի և մեսինջերների անձնական օգտահաշիվների ամենատեսանելի նկարագրողական հատվածում ունենալ նշում, որ այդ օգտահաշվում արվող գրառումներն արտահայտում են բացառապես տվյալ անձի տեսակետները։ Այդ տեսակետները, սակայն, չպետք է խախտեն այս կանոնագրի 19-րդ կետով սահմանված պայմանները։
- Սոցիալական ցանցերի, մեսինջերների օգտահաշիվներում գրառումներ կատարելիս հաշվի առնել, թե այդ գրառումը որքանով կարող է կասկածի տակ դնել մասնագիտական օբյեկտիվությունն ու բարեխղճությունը, խոչընդոտել մասնագիտական գործունեությանը կամ վնաս հասցնել խմբագրության հեղինակությանը։
- Սոցիալական ցանցերի հրապարակային գրառումներում կամ մեկնաբանություններում չքննարկել խմբագրության և ընդհանուր առմամբ կազմակերպության ներքին հարաբերություններին, պատրաստվող նյութերին կամ նախագծերին առնչվող հարցեր։
- Որեւէ պաշտոնյայի, գործչի, կազմակերպության, կառույցի կամ ցանկացած այլ անձի գործունեությանն առնչվող հրապարակում անելուց առաջ լսել նրա կարծիքը եւ ողջամիտ ժամկետներում պարզաբանման հնարավորություն տալ:
- Ընդունել սեփական սխալները։ Հնարավորինս արագ ուղղել հրապարակումներում առկա սխալները և այդ մասին տեղեկացնել լսարանին։
- Գովազդատուների, գործընկերների, նվիրատուների, դրամաշնորհատուների հետ ձևավորված հարաբերությունները չեն կարող հանդիսանալ մեր խմբագրական որոշումների վրա ազդող գործոն՝ և՛ իրենց, և՛ այլոց վերաբերյալ նյութերի դեպքում։
- Նվիրատվությունները, բաժանորդագրությունները, դրամաշնորհների տրամադրումը չեն կարող հանդիսանալ գրաքննության, բովանդակությանը հրապարակումից առաջ հասանելիություն ստանալու հիմք։
- Infocom Production-ը «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ-ի ստորաբաժանումներից է, որը վիզուալ և տեքստային բովանդակության արտադրության ծառայություններ է մատուցում։ Infocom Production-ի գործունեության արդյունքում ձևավորվող եկամուտն ուղղվում է Infocom.am-ի գործունեության ապահովմանը։ Infocom.am-ի խմբագրությունը, սակայն, պատասխանատվություն չի կրում Infocom Production-ի՝ այլ կազմակերպությունների համար արտադրած բովանդակության համար։ Infocom Production-ի և ծառայությունների պատվիրատուների միջև ձևավորված հարաբերությունները չեն կարող հանդիսանալ Infocom.am-ի խմբագրական որոշումների վրա ազդող գործոն՝ և՛ իրենց, և՛ այլոց վերաբերյալ նյութերի դեպքում։